Հռոմի պապ Լևոն XIV-ը արհեստական բանականությունը համարում է մարդկության գլխավոր խնդիրը։ Նա այս մասին հայտարարել է կարդինալների հետ իր առաջին պաշտոնական քննարկման ժամանակ ելույթ ունենալիս։
«Մեր օրերում եկեղեցին բոլորին առաջարկում է իր սոցիալական ուսմունքի գանձարանը՝ ի պատասխան հերթական արդյունաբերական հեղափոխության և արհեստական բանականության զարգացման, որոնք նոր մարտահրավերներ են նետում մարդկային արժանապատվության, արդարության և աշխատանքի պաշտպանության ոլորտում», - ասել է նա։
Ըստ նրա՝ ընտրելով Լևոն անունը, ինքը հենվել է Հռոմի պապ Լևոն XIII-ի կյանքի ուղու և նվաճումների վրա, որը ղեկավարել է եկեղեցին 1878-1903 թթ-ին և դարձել ժամանակակից կաթոլիկ եկեղեցու սոցիալական մտքի հիմնադիրը: 1891-ին նա քննադատել է կապիտալիզմը և ձեռնարկություններում մարդկանց ստրկացումը։
Լևոն XIV-ն իր ուղերձում խոստացել է շարունակել իր նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի նախաձեռնած նախագծերը: Նա կփորձի չդադարեցնել եկեղեցու մերձեցումը «փոքրագույնների և մերժվածների» հետ։ Լևոն XIV-ը նաև հայտարարել է, որ կաթոլիկ եկեղեցին պետք է ավելի ներառական դառնա:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը նույնպես արտահայտվել էր արհեստական բանականության մասին։ Նա, մասնավորապես, նշել էր, որ ԱԲ-ն «կարող է օգտագործվել որպես հոգատար ծառայության կամ թշնամական տիրապետության գործիք»։ Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ չափազանց մեծ են տեխնոլոգիաների հետ կապված ռիսկերը, դրանք զուրկ են մարդկային արժեքներից, ինչպիսիք են կարեկցանքը, ողորմածությունը, բարոյականությունը և ներողամտությունը։ Նա կարծում էր, որ միջազգային հանրությունը պետք է մշակի պայմանագրեր, որոնք կարգավորում են ԱԲ-ի օգտագործումը և զարգացումը: