Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հետ համատեղ սադրանքներ է նախապատրաստում Բալթիկ ծովում, հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։
«Ներկայումս ուկրաինացիները բրիտանացիների հետ համատեղ սադրանքներ են նախապատրաստում Բալթիկ ծովում։ Սցենարներից մեկը ենթադրում է իբր ռուսական տորպեդային հարձակում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա։ Խորհրդային/ռուսական արտադրության տորպեդները ուկրաինական կողմն արդեն փոխանցել է բրիտանացիներին»,– ասվում է հայտարարության մեջ։
ԱՀԾ-ի տվյալներով՝ նախատեսվում է, որ դրանց մի մասը կպայթի ամերիկյան նավից «անվտանգ հեռավորության վրա», իսկ մեկը չի աշխատի և կներկայացվի հանրությանը որպես Ռուսաստանի «չարամիտ ակտիվության» ապացույց։
Նշվում է, որ ուկրաինա-բրիտանական մեկ այլ սցենարի համաձայն, նախատեսվում է իբր պատահաբար «որսալ» Բալթիկ ծովում ռուսական արտադրության խարսխված ականներ, որոնք, իբր, տեղադրված են միջազգային ծովային ճանապարհին դիվերսիաներ իրականացնելու համար։
ԱՀԾ-ն նշում է, որ Ուկրաինայի ղեկավարությունը Ուկրաինայի Անվտանգության ծառայությանն ու ՊՆ հետախուզության գլխավոր վարչությանը հանձնարարել է ակտիվացնել Ռուսաստանի դեմ մի շարք սադրանքների նախապատրաստական աշխատանքները։
«Ուկրաինայի Անվտանգության ծառայությանն ու ՊՆ հետախուզության գլխավոր վարչությանը հանձնարարվել է եվրոպական հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ ակտիվացնել մի շարք արյունալի նոր սադրանքների նախապատրաստումը», – ասվում է հաղորդագրության մեջ։