ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ՝ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել․
«ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ իրականացվում է ակնհայտ անհիմն և հակաօրինական քրեական հետապնդում: «Նորֆոլկ Քոնսաթինգ» ՍՊ ընկերության վերաբերյալ 2018 թվականի հրապարակային և լայնորեն լուսաբանված՝ միաժամանակ քննիչի որոշմամբ կարճված, չվերացված և օրինական ուժի մեջ գտնվելու պայմաններում անթույլատրելի է «վերակենդանացնել» արդեն իսկ գնահատված ապացույցով նոր քրեական վարույթ հարուցելը, Վարդան Հարությունյանին մեղադրանք առաջադրելը և նրան կալանավորելը: Հատկապես ընդգծում ենք, որ 2018 թվականին տվյալ դեպքերի վերաբերյալ իրականացված լայնածավալ և բազմակողմանի քննության արդյունքում հերքվել է որևէ կապի առկայությունը Վարդան Հարությունյանի և «ՆորՖոլկ Քոնսաթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև, ինչպես նաև ընդհանուր դեպքով և նյութերով, որի հիմքով էլ քննիչի կողմից կայացվել և դատախազի կողմից հաստատվել է քրեական գործը կարճելու վերաբերյալ մինչ այժմ օրինական ուժի մեջ է գտնվող որոշումը։
Այդուհանդերձ, 7 տարի անց նույն փաստական տվյալներն ու նույն ապացույցները ներկայացվում են հակառակ մեկնաբանությամբ՝ կոպտորեն խախտելով «կրկին դատվելու սկզբունքը» (non bis in idem)։ Սա ոչ միայն իրավունքի և արդար դատաքննության հիմնարար սկզբունքների կոպիտ ոտնահարում է, այլև սահմանում է իրավական նիհիլիզմի նոր, վտանգավոր նշաձող, որի հետևանքները վտանգավոր են ողջ իրավական համակարգի համար։
Այս պայմաններում չէր կարող որևէ ձևով հաստատված համարվել կալանքի պայմաններից՝ հիմնավոր կասկածի առկայությունը: Տվյալ իրողություններով հանդերձ Դատարանը նույնիսկ կարողացել է «հետևություն» անել, որ յոթ տարվա վաղեմության, յոթ տարի առաջ ամբողջությամբ հրապարակավ քննության առարկա դարձած գործով Վարդան Հարությունյանը կարող է խոչընդոտել քննությանը: Նշվածը ոչ միայն անհնար է, այլև իրավական առումով բացարձակ աբսուրդ։ Յոթ տարի անց անհնար է որևէ ռիսկ պահպանված լինի կամ առավել ևս աճի այն աստիճան, որի հիմքով հնարավոր կլիներ կիրառվել ամենածայրահեղ խափանման միջոցը։
Մենք հստակ արձանագրում ենք, որ սա ոչ թե արդարադատություն է, այլ իրավական գործընթացների կանխամտածված և կոպիտ խեղաթյուրում, որի միակ նպատակը մեր պաշտպանյալին՝ Վարդան Հարությունյանին, ամեն գնով ինչքան հնարավոր է երկար կալանքի տակ պահելն է: Վարդան Հարությունյանն արդեն իսկ հրապարակային նշված գործընթացի մասին իրական նպատակների մասին հայտնել է իր կարծիքը, ըստ որի վերջինս «պատժվում է» ազնիվ, սկզբունքային և ուղիղ դիրքորոշման համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ դատարանի որոշման դեմ նախապատրաստվում է և մոտ օրերս կներկայացվի վերաքննիչ բողոք: Գործի այլ զարգացումների մասին անդրադարձ կկատարվի լրացուցիչ։
Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբ
Փաստաբան Արմեն Անդրիկյան
Փաստաբան Էդուարդ Հովհաննիսյան
Փաստաբան Միքայել Շխիմյան
Փաստաբան Արթուր Պիվազյան
Փաստաբան Գրիգոր Մղդեսյան
Փաստաբան Արմեն Հարությունյան