Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը․ «Այսօր` հունիսի 13-ին, Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային Ժողովում և հերթական անգամ փորձելով կոծկել Արցախի կորստի համար իր պատասխանատվությունն ու վարած քաղաքականության աղետալի հետևանքները, հանդես է եկել արցախյան խնդրի պատմության ապշեցուցիչ մի նոր՝ իր իսկ կողմից «կղերաֆեոդալական» կոչված վարկածով։
Համաձայն Փաշինյանի այդ նոր վարկածի, 1996 թվականին Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկը եղել է իր իսկ բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունը», որի համաձայն` Լեռնային Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում։
Ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման և ինքորոշման հասկացություններին վերաբերող այդ որոշումը «սխալ է հասկացվել հայկական իրականության մեջ», որովհետև «96-ին ինտերնետ չի եղել, … էլ. փոստ չի եղել, սոցցանցեր չեն եղել», և «հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին»։ Այնուհետև Փաշինյանը «բացատրել» է, որ դեռ 1996-ից ի վեր Հայաստանի «կղերաֆեոդալական էլիտան», որի մեջ նա ակնհայտորեն տեղավորել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, «…Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով և նենգափոխելով», «…Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու և պահելու համար…»։
Զարգացնելով այս «հայեցակարգը»` Փաշինյանը նաև պնդել է, որ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը «…ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս», ըստ էության մեղադրելով Տեր-Պետրոսյանին Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու նպատակով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ:
Փաշինյանը Տեր-Պետրոսյանին և Հայ Ազգային Կոնգրեսին մեղադրել է նաև 2020 թվականից ի վեր «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու, ըստ էության՝ սեփական սկզբունքներին դավաճանելու մեջ։
Այս ամենի կապակցությամբ հայտարարում ենք․
Լիսաբոնի մասին Նիկոլ Փաշինյանի ստերին բազմիցս ենք անդրադարձել, սակայն, հաշվի նստելով ընդդիմախոսի հատկապես համառ բթամտության փաստի հետ, ստիպված ենք կրկնել հետևյալը։ 1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որևէ որոշում չի ընդունել, որովհետև Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո։ Ընդհանրապես, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից, և ոչ է՛լ Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ից մանդատ ստացած ԵԱՀԿ-ն որևէ որոշում երբեք չեն ընդունել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Ավելին, չգիտես ինչու, Փաշինյանը միշտ լռության է մատնում այն փաստը, որ ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովը 1994 թվականին որոշում է ընդունել, որով Հայաստանի և Ադրբեջանի հետ իրավահավասար կարգավիճակ է շնորհել Լեռնային Ղարաբաղին՝ նրա ապագա վերջնական կարգավիճակը որոշելու հարցում, ըստ էության ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ;
Հայաստանի կողմից կիրառված վետոյի գլխավոր արդյունքը եղել է այն, որ 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ներկայացրել է Փուլային լուծումը, որում որեւէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու մասին։ Սրա մասին Փաշինյանը նույնպես համառորեն լռում է։ Կարևոր է հատկապես նշել, որ Փուլային լուծման առաջարկը ԵԱՀԿ ներկայացրած լուծումների տարբերակներից միակն է եղել, որը որպես բանակցությունների հիմք են ընդունել և Հայաստանը, և Ադրբեջանը։ Այն մերժվել ԼՂՀ իշխանությունների կողմից;
Փաշինյանը ստում է այն մասին, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահողի հայտարարությունը իբր թե հասանելի չի եղել հայկական հանրության համար։ Իրականում հայտարարությունը, ինչպես նաև Տեր-Պետրոսյանի պատասխանը, որը նույնպես դարձել է ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթերի մաս, 1996-ին հրապարակվել և լայնորեն քննարկվել է Հայաստանի լրատվական միջավայրում։ Այն, որ վեց տարի շարունակ պաշտոնապես պատասխանատվություն կրելով Հայոց պետականության համար ճակատագրական նշանակություն ունեցող Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում, նիկոլական շրջապատում եւ ՔՊ-ական պատգամավորների միջավայրում դրան ծանոթ չեն եղել, ինչպես դա ցուցադրեց Փաշինյանը, ընդամենը վկայում է Փաշինյանի և նրա կուսակիցների տգիտության և անպատասխանատվության մասին;
Նույնքան ստահոդ են նաև «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու մասին պնդումները։ Ինչքան էլ Փաշինյանը փորձի պնդել, թե այդ հոդվածում Տեր-Պետրոսյանն իբր պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը անհնար է, նման բան այդ հոդվածում ասված չէ։ Ավելին, 2016 թվականին հրապարակված «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրել է, որ Մինսկի խմբի վարած բանակցությունների մեջ պատշաճորեն ընդգրկվելու դեպքում, «կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը»։ Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, որը «Արցախը Հայաստա՛ն է և վերջ» կարգախոսի ներքո տապալեց Մինսկի խմբի բանակցությունները՝ Արցախի և Հայաստանի համար բոլոր աղետալի հետևանքներով։ Նույնքան ծիծաղելի են Փաշինյանի պնդումներն այն մասին, թե իբր «Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ն ասում են, թե իրենք չեն ասել ու նկատի չեն ունեցել, թե տարածքները պետք է վերադարձնել»։ Իրականությունն այն է, որ Հայ Ազգային Կոնգրեսը միակն է, որ կողմ է եղել Մինսկի խմբի կողմից ներկայացված փոխզիջումային առաջարկների իրականացմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող և Հայաստանի հետ կապ չհանդիսացող տարածքների վերադարձին։ Հակառակն ապացուցող որևէ փաստ չի ներկայացվել և չի էլ կարող ներկայացվել։
«Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներին դավաճանելու և Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու գործում Քոչարյանի և Սարգսյանի հետ համագործակցելու մասին խոսում է այն Փաշինյանը, որը 2007 թվականին հայտարարել էր, որ թիմակից է Տեր-Պետրոսյանին իր հոդվածի դրույթները ընդունելու պատճառով, իսկ 2015 թվականին հրապարակայնորեն մեղադրել Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին հայ ժողովրդի դեմ գաղտնի դավադրություն կազմակերպելու և «Լավրովյան պլանով» Ղարաբաղից դուրս հինգ շրջանների վերադարձի հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու «հանցավոր» մտադրության մեջ։
Այս արձանագրումները շատ կարևոր հարցեր են առաջացնում։ Դրանցից ամենակարեւորն այն է, թե արդյո՞ք մեր նորանկախ պատմության և միջազգային բանակցությունների մասին ճշմարտությունը նենգափոխող և աղավաղող, պաթոլոգիկ ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել Հայաստանում։ Ինչո՞ւ է Փաշինյանը դիմել հեշտությամբ հերքվող այս ստերին եւ մանիպուլյացիաներին։ Փաշինյանի ավելի քան վեց տարվա կառավարումը Հայաստանի եւ Արցախի անվտանգությանն ավերից եւ աղետներից բացի այլ բան չի բերել։ Երկիրը գնալով խորանում է արտաքին եւ ներքին հակամարտությունների մեջ։ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, այլ բան չի մնում, քան փորձել կոծկել այս իրողությունները, աղավաղելով եւ ջնջելով մեր բոլոր պատմական նվաճումների մասին հիշողությունը, ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտության դաշտում։ Նրա գործողությունները, սակայն, միայն ավելի են խորացնում հակամարտությունը մեր հասարակության ներսում։
Սրա մասին վկայում են նաեւ հունիսի 12-ին նրա կողմից հրահանգված դատապարտելի, անհամաչափ ոստիկանական գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկայում հանդես կգա հատուկ հայտարարությամբ»։ Աղբյուրը` Լևոն Զուրաբյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը․ «Դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառեց 2 ամիս ժամկետով տնային կալանք»։
Համացանցում նոր կադրեր են տարածվել երեկ Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումներից, որի ժամանակ ոստիկանությունը լուսաձայնային նռնակ էր կիրառել։
Ստորև պահն է, երբ նռնակը պայթում է ցուցարարի ձեռքում։
«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը գրում է․ «Սիրելիներ, գործ ունենք անելու։
Անհրաժեշտ է երկու ժամվա ընթացքում Հայաստանի ողջ բնակչությանը տեղեկացնել այսօրվա հանրահավաքի մասին։
Կարո՞ղ ենք։ Իհարկե կարող ենք»։
Հիշեցնենք, որ հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ ժամը 20։00-ին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում։
ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններով Փաշինյանը ճանապարհ է հարթում դեպի Արևմուտք, քանի որ կանխատեսում է իր «վարչապետության ավարտը»․ ռուս պաշտոնյաների անդրադարձը: Այս մասին յատնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը:
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է, որ պետք է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը ՀԱՊԿ–ից դուրս գալու որոշման վերաբերյալ։
«Նման հայտարարությունները, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին։ Ուստի, մենք՝ որպես ՀԱՊԿ–ում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք վարչապետի պաշտոնական հայտարարությանը, այլապես այդ ամենը օդում կախված կլինի և անորոշություն կստեղծի։ Ինչը շատ ողբալի է Հայաստանի՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամի համար»,- ասել է Կարասինը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից, վկայում են Արևմուտքի հանդեպ նրա հավատարմության մասին․ NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։ Նրա խոսքով՝ Փաշինյանը կասկածում է, որ ապագայում կկարողանա մնալ պետության ղեկավարի պաշտոնում։
«Սա Փաշինյանի՝ կշտամբանքներով առաջին հայտարարությունը չէ Ռուսաստանի հասցեին։ Նա ավելի վաղ խոսել էր ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալու մասին, սակայն հետո հարցազրույցներում հայտարարել էր, թե իրեն սխալ են հասկացել։ Բայց ակնհայտ է, որ Փաշինյանն անձամբ շարժվում է դեպի Եվրոպա։ Նա որոշակի պարտավորություններ է ստանձնել Մակրոնի առաջ Ֆրանսիա կատարած այցի և բանակցությունների մասնակցելու ժամանակ։ Սա խոսում է այն մասին, որ վարչապետն այսօր չի տեսնում իր ապագան որպես երկրի ղեկավար»
Սրբազանը հանդիպեց վիրավորում ստացած ոստիկաններին:
Տեսանյութ
Հայաստանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու որոշումը երկրի վերակողմնորոշումն է դեպի Արևմուտք։ Այս կուրսը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Նա (Փաշինյանը-խմբ.) գնում է իր սեփական ընթացքով, ինչը միանգամայն ակնհայտ է։ Վեճի կամ բանավեճի առարկա կարող է լինել, թե 2018 թվականին իշխանության գալով՝ ինչքանով նա դրեց իր այս կուրսի հիմքը և, ինչպես տեսնում ենք բոլորս, սկսել է իրականացնել այն 2022 թվականից: Ու թեև Հայաստանի իշխանության վերակողմնորոշման բոլոր հրապարակային նշանները վերագրվում են 2022-ին, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գալուստն ի սկզբանե ոգեշնչված էր Հայաստանը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գաղափարներով։ Ներառյալ Լեռնային Ղարաբաղի պատերազմը, որը Փաշինյանը ցուցադրաբար պարտվեց՝ միաժամանակ Ռուսաստանի վրա դնելով Ղարաբաղի և ղարաբաղցիների հետագա ճակատագրի պատասխանատվությունը: Դա ուղղակի կապող օղակ էր ընդհանուր ծրագրի մեջ, և ոչ թե դժբախտ պատահար կամ անբարենպաստ հանգամանքների միախառնում», - ասել է Զատուլինը:
Պատգամավորը հայտարարել է, որ Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ փորձելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականությանը և շարունակելով հավատալ համագործակցության հնարավորությանը։
«Բազմիցս զգուշացրել եմ, որ մեր բոլոր ցանկությունները՝ պարոն Փաշինյանին հանգստացնելու, ցույց տալու, որ ուշադրություն չենք դարձնում, որ հավատում ենք լավագույնին, Փաշինյանի իշխանության հետ համագործակցելու հնարավորությանը, ընկալվում են որպես մեր թուլություն կամ չհասկանալ: Ինձ համար դա լիովին ակնհայտ էր Փաշինյանի իշխանության գալու առաջին օրերից։ Բայց լավագույն մտադրություններով, մինչ այժմ Ռուսաստանի պաշտոնական կուրսը եղել է Հայաստանում կատարվողին լիակատար չմիջամտությունը, Հայաստանի ընդդիմության հետ կապերի ակտիվացումից խուսափելը և այս ամենը չնկատել այն հույսով, որ դա կգնահատվի և կընդունվի ինչ-որ մեկի կողմից: Իմ կարծիքով՝ այս ճանապարհով մենք ոչինչ չշահեցինք, այլ միայն կորցրեցինք»,- եզրափակել է Զատուլինը։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել Երևանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ․
«Կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի։ Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում կարևոր է գործել պատասխանատու, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ, ձգտել երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման:
Ցանկացած բաժանում (հայերի և արցախցիների) ներկա իրավիճակում վտանգավոր է։ Դարերի ընթացքում եկեղեցու շնորհիվ պահպանվել է ժողովրդի ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին և այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք հոգևոր արժեքների շուրջ, թույլ չտանք եկեղեցու առճակատումը, բաժանումը ժողովրդի հետ:»։
ՀՀ իշխանությունը զավթածները, մասնավորապես Նիկոլը Փաշինյան և Ալենը Սիմոնյան անցել են, թե իշխանական և, թե մարդկային թույլատրելի և անթույլատրելի, հնարավոր և անհնար սահմանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, էյֆորիկ վիճակին բնորոշ դիտարկումները վերածվել է ինքնախոստովանանքի, առ այն, որ 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում՝ Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու, ծվեն-ծվեն անելու:
«Թշնամուն հարձակվելու նշանը տրվեց 2019-ի ամռանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ բղավելով «Արցախը Հայաստան է և վերջ»։ Իսկ որ մեզ՝ հայերիս թշնամուց պակաս չեն ատում, ասում են հենց իրենք, որ 2018-ին հանձնել էին Արցախը, բայց պատերազմ պիտի լիներ, հազարավոր զոհեր պիտի լինեին, որ ժողովուրդն իրենց չասեր դավաճան։
Այսօր էլ նիկոլն ասում է, որ մենք բաժակաճառեր ասելով լքեցինք Արցախը։ Այսպես կխոսի և խոսում է միայն մեր թշնամին։ Իսկ Նիկոլ/Ալենին ուզում եմ հիշեցնել մի քանի քպ-ականի եռօրյա գործողում-խրախճանքը Ստեփանակերտում 2020-ի հոկտեմբերին, երբ նոր էինք հուղարկավորել ԱՀ ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի պատերազմում նահատակված որդուն Արտյոմ Ավագյանին, քպ-ականները, ալկոհոլից կայծկլտացող աչքերով, բոցաշունչ կենացներ էին ուղղում ու ոտնկայս խմում իրենց այն ժամանակվա տիրոջ Արարատի Միրզոյան պատվին…
Հ.Գ. այս իշխանությունները միգուցե հասկանում են, միգուցե՝ ոչ, բայց ՀՀ-ում երբևէ որևէ իշխանություն այսքան ծանրագույն վիճակում չի եղել։ Այս իշխանության ավարտը խիստ ու դժվար է լինելու…»,- գրել է Մետաքսե Հակոբյանը։