Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»:
Նշենք, որ երեկ Բելառուսի ԱԳՆ-ից ասել էին. «Հայ ժողովրդին անկեղծորեն մաղթում ենք ղեկավարներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»:
Ընդգծված տհաճությամբ և բացառիկ ինքնազսպումով կարողացա նայել Արթուր Հովհաննիսյան վերնագրով պատգամավորի ճեպազրույցը՝ Անդրանիկ Քոչարյան պատգամավորի անվեհեր ու հայրաշունչ հայացքի ներքո, որտեղ երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն՝ հրապարակ նետելով ամեն տեսակի հերյուրանքներ ու ստահոդ լուրեր, այդ թվում նաև այն, որ իբրև թե ժողովուրդը Կաթողիկոսի օրհնությամբ հարձակվել է Պետության վրա, ֆեյսբուքյան իր էջում գրում է Մարկոս քահանա Մանգասարյանը։
«Փաստորեն սուտը լինում է ոչ միայն կաղ և պոզերով, այլ նաև՝ ճաղատ, իսկ տեղ-տեղ նաև բեղերով:
Պիտի հիշեցնենք երիտասարդ երեսփոխանին, որ հայոց պատմությունը հավասար չէ իր ապրած տարիներին: Այն ունի հազարամյակների ընդգրկում և այդ պատմության վերջին շուրջ 2000 տարիներին Եկեղեցին լծված է եղել միայն Պետականության վերակերտմանը և զորացմանը: Իսկ պետականության վրա հարձակվում են բոլոր նրանք, ովքեր
հրաժարվեցին Արցախի հարազատ օջախից,
հանձնեցին Հայաստանից ինքնիշխան տարածքներ,
վարկաբեկեցին արցախյան պատերազմի հերոսներին, որոնց հրահանգով շրջափակվեցին դատարանների շենքերը,
որոնց թողտվությամբ գրավվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքը:
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին պետք է փնտրել ոչ թե Եկեղեցում, այլ հենց ձեր շարքերում:
Այսպիսի իրավիճակներում են ցավալիորեն արձանագրում. «Մովսեսի աթոռին նստեցին փարիսեցիները» (Մատթ. 23.2):
Հ.գ. հուսով ենք կառավարության աշխատակազմի ղեկավարն իր ֆեյսբուքյան անդուլ որոնումների արդյունքում կհայտնաբերի «ատելության խոսք» տարածող հերթական այս գրառումը և կտեղադրի իր ֆեյսբուքյան պատին»։
Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը տեղավորվում է Փաշինյանի ընտրած գծի մեջ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին:
«Դա կապված է Փաշինյանի վաղեմի համոզմունքների հետ՝ Հայաստանը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու, ՌԴ-ից հեռանալու, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ին մասնակցության, նախկին պայմանավորվածությունների հիման վրա ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների՝ Հայաստանում գտնվելու հետ»,-ասել է նա։
Զատուլինի խոսքով, Ռուսաստանի հետ խզումը չի կարող կատարվել առանց արժեքների վերագնահատման, որով Փաշինյանն ակտիվորեն զբաղվում է․ «Ընդ որում, այժմ Հայաստանի վարչապետի թիրախներից մեկը Հայ առաքելական եկեղեցին է»։
«Փաշինյանի գործողությունները դավաճանություն են հայ ժողովրդի հիմնային շահերի նկատմամբ։ Եվ ամբողջ հարցն այն է, թե որքանով են Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև Ռուսաստանը դրանից պատշաճ հետևություններ անելու։ Մենք ուշացել ենք այդ եզրակացություններն անելուց», - ասել է Զատուլինը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների պայմանները և նշել, որ պատրաստ է «թեկուզ հենց վաղը» նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Պուտինն ասել է ՌԴ արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
Որպես խաղաղության նախապայման՝ Պուտինը նշել է, որ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։
«Հենց Կիևում հայտարարեն այն մասին, որ պատրաստ են նման որոշման, և սկսեն զորքերի իրական դուրսբերումն այդ շրջաններից, ինչպես նաև պաշտոնապես ծանուցեն ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին, մեր կողմից մենք անմիջապես, բառացիորեն նույն րոպեին, կհրամայենք դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Նա նաև երաշխավորել է ուկրաինական զորքերի անխոչընդոտ և անվտանգ դուրսբերումը, եթե Կիևը նման որոշում ընդունի։
Նա հավելել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է հասնել ուկրաինական հարցի խաղաղ կարգավորման։
Հունիսի 14-ին Պուտինը ՌԴ ԱԳՆ-ում հանդիպում է անցկացնում միգրացիոն քաղաքականության բարելավման հարցի շուրջ։
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը՝ մինչև 2024 թ. հունիս ամիսը ներառյալ։
Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվար ամսից մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ 300,000.0 դրամ և ամենամսյա 68000 դրամ դրամական օգնություն։ Ըստ հիմնավորման՝ Շուռնուխ բնակավայրում կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները հիմնականում ավարտված են, ավարտվել են նաև արտաքին լուսավորության և բարեկարգման աշխատանքները:
Անհրաժեշտություն է առաջացել թաղամասում կառուցել խմելու ջրի օրվա կարգավորման ջրավազան, ինչպես նաև կատարել բարձրավոլտ էլեկտրական հենասյուների ապամոնտաժման և բնակելի տների էլեկտրասնուցման աշխատանքներ, որի մասով «ՀԷՑ» ՓԲԸ հետ նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ կատարվել են:
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի հետ համատեղ քննարկվել են բնակելի տների բաշխման և օբյեկտի ավարտական գործընթացը կազմակերպելու հարցերը, որոնք նախատեսված է ավարտել 2024 թ. մայիսին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները երկարաձգել:
Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին»:
Ուկրաինան ռուսական կողմին է հանձնել ռազմական գործողությունների գոտում 32 զոհվածի մարմինները։
Այս մասին գրում է РБК-ն՝ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևին հղումով։
Խորհրդարանականի խոսքով, Կիևն ի պատասխան ստացել է 254 դի։
Մինչ այս կողմերը գերիներին փոխանակել են «75-ը 75-ի դիմաց» ձևաչափով։
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում համեմատել է Հայաստանում և Վրաստանում ԱՄՆ դեսպանատների հայտարարությունները՝ կապված երկու երկրում զանգվածային բողոքի ակցիաների հետ:
Զախարովան առաջարկել է զգալ հունիսի 13-ին Հայաստանի և մայիսի 2-ին Վրաստանի վերաբերյալ արված երկու հայտարարության միջև տարաբերություն:
«Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատն հայտարարության մեջ։
Մինչդեռ Վրաստանում ցույցերի առնչությամբ հայտարարությունում նշվում է. «Մենք կանգնած ենք Վրաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց ձայնը լսելի լինելու նրանց իրավունքին։ Մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Խաղաղ հավաքների և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանություններին թույլ տալ խաղաղ ցուցարարներին շարունակել օգտվել իրենց խոսքի ազատության իրավունքից»:
«Ահա և ամբողջ ժողովրդավարությունը. մի դեպքում Վաշինգտոնն իր դեսպանատան միջոցով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացվեն ամենայն պատասխանատվությամբ և չի դատապարտում իշխանություններին դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ակտիվորեն աջակցում է արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից կազմակերպած անկարգություններին: Սա հստակ պատկերն է «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի», որտեղ Միացյալ Նահանգները, ձեռքի շարժումով, տվյալ պահի հանգամանքներից ելնելով, փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարեցնելու համար», – եզրակացրել է Զախարովան։