Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրում գտնվող Դիրիայում։
Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։
Ակնկալվում է, որ հանդիպումը հիմնականում նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման նախապատրաստումը։
Բացի այդ, բանակցությունների ընթացքում կբարձրացվի նաև ուկրաինական կարգավորման հարցը։
Նշենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում կարգավորման հեռանկարները: Կրեմլի վկայությամբ՝ Թրամփը հանդես է եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու օգտին:
Պուտինն իր կողմից հիշատակել է հակամարտության արմատական պատճառների վերացման անհրաժեշտության մասին և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով։
ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը անհապաղ բանակցություններ են սկսում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ:
Ղազախստանի ՆԳՆ կիբերհանցագործությունների հակազդման դեպարտամենտի և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում կասեցվել է Երևանում գործող երկու խարդախ զանգերի կենտրոնների գործունեությունը։ Այս մասին հայտնում է 24KZ-ն՝ հղում անելով երրկրի ոստիկանությանը։
Ձերբակալվել են անդրազգային հանցավոր խմբի կազմակերպիչներն ու մասնակիցները, որոնք խաբել են Ղազախստանի և եվրոպական մի շարք երկրների քաղաքացիներին՝ նրանց առաջարկելով ներդրումներ կատարել կեղծ ընկերություններում։
Ղազախստանի ՆԳՆ կիբերհանցագործությունների հակազդման դեպարտամենտի պետ Ժանդոս Սույինբայի խոսքով՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, շուրջ մեկ կգ ոսկի, 30 հազար դոլար, ռուսական ռուբլի, վրացական լարի, հինգ ավտոմեքենա և կրիպտոարժույթով փակ դրամապանակ։
Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 41 մարդ, որոնք Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ են։
Այժմ ՀՀ իրավապահ մարմինները ղազախ գործընկերների աջակցությամբ շարունակում են քննչական և օպերատիվ գործողությունները՝ բացահայտելու խարդախության բոլոր դրվագները, պարզելու հանցակիցներին և պատճառված վնասի չափը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Փարիզում եվրոպացի առաջնորդների արտակարգ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության հուսալի երաշխիքներով։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Այսօր Փարիզում մենք հաստատեցինք, որ Ուկրաինան արժանի է խաղաղության հաստատակամության միջոցով: Խաղաղություն, որը հարգում է նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը՝ անվտանգության հուսալի երաշխիքներով»,- գրել է ԵՀ-ի ղեկավարը X սոցիալական ցանցում:
Նա նաև հավելել է, որ «Եվրոպան կրում է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության իր ամբողջ բաժինը»:
Ֆոն դեր Լեյենը նշել է, որ ԵՄ-ն պետք է ուժեղացնի սեփական պաշտպանությունը։
Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ, գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Փարիզում տեղի է ունեցել Եվրոպայի առաջնորդների չնախատեսված հանդիպումը՝ նվիրված Ուկրաինային և համաեվրոպական անվտանգությանը։
Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի և Դանիայի ղեկավարները հաստատել են, որ պատրաստ են ապագայում անվտանգության երաշխիքներ տրամադրել Կիևին, սակայն Եվրոպայի հետագա քայլերն այս հարցում կախված կլինեն ԱՄՆ-ի գործողություններից:
Հակաճգնաժամային գագաթնաժողովում քննարկվել է նաև Ուկրաինա խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը, սակայն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խնդիրը համարել է ոչ տեղին և ժամանակավրեպ: Այս հարցում Բեռլինի դիրքորոշումը պաշտպանել է Վարշավան, ինչի մասին գագաթնաժողովից հետո ասել է վարչապետ Դոնալդ Տուսկը։
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, դեռևս ճգնաժամային հանդիպումից առաջ ասել էր, որ Լոնդոնը «պատրաստ և պատրաստակամ է» անհրաժեշտության դեպքում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին բազմիցս խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ճգնաժամային գագաթնաժողովի հիմնական արդյունքն այն է, որ Եվրոպան կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը»:
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը կարող է հետ կանչվել։ Այս մասին գրոմ է «Փաստ» թերթը։
Նշվում է, որ Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը խայտառակություն է եղել։
Ըստ թերթի տեղեկությունների` Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը հայտնել էր, որ հանդիպմանը չեն մասնակցել ո՛չ Հայոց թեմը, ո՛չ 16 եկեղեցական միություններից մեկը, ո՛չ էլ Գերմանահայ Կեդրոնական խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպություններից որևէ մեկը։
«Այս հանգամանքից սարսափելի նեղված ու զայրացած է եղել Նիկոլ Փաշինյանը: ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ` նա պարզապես «պատեպատ է տվել» Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին, որ պատշաճ հանդիպում չի կարողացել կազմակերպել: Ավելին, դեսպանը նույնիսկ կարող է հետ կանչվել»,– գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն փետրվարի 14-ին էր մեկնել Գերմանիա` մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նա մի շարք երկկողմ հանդիպումներ էր ունեցել արտերկրի գործընկերների, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Փաշինյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Բարզանիի հետ։
Առողջ, ցածր յուղայնությամբ Դուբայի շոկոլադները սովորաբար ավելի քիչ շաքար և կալորիա են պարունակում: Անուշեղենն այս տարբերակով նաև ավելի շատ սննդային մանրաթելեր է պարունակում: Դրա մասին, ըստ news.am-ի, Health News հանդեսին պատմել է սննդաբան, Դանիայի Օրհուսի համալսարանին առընթեր VIA քոլեջի շրջանավարտ Սանդրա Վիգելիենեն։
Մասնագետի կարծիքով՝ հայտնի շոկոլադը՝ համեմված խրթխրթան պիստակի մածուկով, աչքի է ընկնում բարձր էներգետիկ արժեքով։ Սա նշանակում է, որ այս ապրանքի երկարատև չարաշահումը կարող է քաշի ավելացման հանգեցնել: Ընդսմին, Դուբայի շոկոլադը հագեցած ճարպերի ավելի ցածր մակարդակ ունի (որոնց չափազանց մեծ քանակությունն առնչվում է սրտի հիվանդությունների բարձր ռիսկին), քան սովորական շոկոլադը, մասնավորապես՝ Lindt-ը:
Պիստակի մածուկով շոկոլադե սալիկ ընտրելիս սննդաբանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել շաքարի պարունակությանը։ Շոկոլադի մի քանի տեսակների բաղադրության վերլուծությունը ցույց է տվել, որ որոշ ապրանքանիշեր նախընտրում են ավելի քիչ «արագ» յուրացվող ածխաջրեր ավելացնել իրենց արտադրանքին:
Վիգելիենեն հավելել է, որ շոկոլադի գրեթե բոլոր տեսակները սննդային մանրաթելերի նվազագույն քանակ են պարունակում՝ մեկ չափաբաժնի համար 0,7-ից մինչև չորս գրամ: Սննդային մանրաթելը կամ բջջանյութը կիրառվում է աղիքներում բուն դրած բակտերիաների սնուցման համար, ինչը օգնում է պահպանել օրգանի բնականոն միկրոֆլորան և նրա կենսաբանական ակտիվությունը:
Առնվազն 85% կակաոյի պարունակությամբ Դուբայի շոկոլադը փոքր-ինչ ավելի առողջարար կլինի օրգանիզմի համար։ Արտադրանքի մեջ կակաոյի փոշու ավելացված կոնցենտրացիան, թեև աննշան, բայց կօգնի մեծացնել ձեր մանրաթելերի օգտագործումը:
Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս, որպեսզի խուսափեք հնարավոր խարդախություններից:
«Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում են հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։
Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է։
Ինչպես պաշտպանվել․
Վստահեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և գործակալներին։
Օգտվեք միայն պաշտոնական կայքերից ու հավելվածներից՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար։
Օրինական առցանց ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել aswa.am կայքի միջոցով»,- հայտնում են ԿԲ-ից։
Մանրամասները՝ հետևյալ հղումով։
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էառաջիկա օրերի եղանակի կանխատեսումն ու զգուշացրել․
«Ձյուն, ցուրտ, հզոր ցիկլոն, ջերմաստիճանի նվազում 10-15 աստիճանով»,- գրել է նա:
Նշենք, որ փետրվարի 20-ից նախատեսվում է ձյան առատ տեղումներ, ապա ջերմաստիճանի կտրուկ նվազում: Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի երրորդ տասնօրյակում հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Չէ, նկատի չունենք գլոբալ աղետները, որ բերել ու բերում են: Խոսքն «ընթացիկ զբաղվածության» մասին է: Այդ կառավարությունը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով դատարկում է քաղաքացիների գրպանները, որոնք առանց դրա էլ արդեն մի լավ օրի չէին: Խոսքն, այո, թանկացումների, հարկային հարձակումների, օրումեջ մի նոր գրպանահատիչ նախաձեռնությամբ «փայլատակելու» մասին է:
Փաշինյանի գլխավորած կառավարությունը, առանց հաշվի նստելու իրողությունների հետ, շարունակում է ճնշել Հայաստանում բնակչությանը, զուգահեռաբար ժողովրդին կերակրել բացառապես հեքիաթներով:
Ըստ որում, փաշինյանական «հեքիաթներն» էլ են բավականին մանրացել: Մի ժամանակ գոնե «100 փաստից», 10 միլիոն ծառ տնկելուց էին խոսում, կոկորդիլոսաբուծարաններից, «խելոք գոմերից», «ակադեմիական քաղաքից», «Աջափնյակի մետրոյից», «չոր նավահանգստից», վերջապես՝ ալամ-աշխարհի ֆուտբոլի չեմպիոն դառնալուց: Այդ «կտերն» այլևս հնամաշ են: Դրանք միգուցե հարմար հեքիաթներ էին 2021 թվականին, երբ Փաշինյանը, անհավանական թվացող կուլբիտ անելով, ըստ պաշտոնական տվյալների՝ 680 հազար քվե ստացավ ու, ի դժբախտություն Հայաստանի և Արցախի, կառչած մնաց իշխանությունից:
Բայց արդեն ոչ Փաշինյանն է առաջվանը, ոչ էլ նրա հեքիաթները: Նախօրեին, տեսեք, որպես մի աներևակայելի ձեռքբերում, հպարտհպարտ գրել էր, թե մի 15 տարվա ինչ-որ «Ռենջ Ռովեր» ցեղատեսակի ավտոմեքենա են ինչ-որ մեկից կուլակաթափ արել՝ «ապօրինի գույքը» վերադարձնելու շրջանակներում: Հա, ու շեշտել էր՝ «հատիկ առ հատիկը հատիկ առ հատիկ է»:
Ի՞նչ էր ուզում ասած լինել Փաշինյանը: Նա իսկապե՞ս կարծում է, թե իր դիմաց այն կարգի պարզունակ ժողովուրդ ու երկիր է, որի վրա կարող է տպավորություն գործել ինչ-որ մեկից ինչ-որ հնամաշ «Ռենջ Ռովեր» խլելը: Հասկանում ենք, Փաշինյանը «ցայտնոտի» մեջ է, հասկանում է՝ հողը ոտքի տակից փախչում է, ասելիք չկա: Բայց, լավ, նման «էժանագինությունն» ո՞ւմ վրա է հաշվարկված: Գուցե այն 680 հազարի՞ (որ դեռ 2021-ին էլ կասկածելի էր): Բայց Նիկոլ Փաշինյանն ինքն էլ երևի գիտի, որ նախ՝ այդ 680 հազարից հիմա հազիվ 180 հազար մնացած լինի, ընդ որում՝ շատ ճոխ ասված, այն էլ՝ վարչական ռեսուրսը ներառյալ:
Եվ հետո, եթե անգամ երկրում դեռ կա կամ մնացել է մի այդքան մարդ, որ դեռևս Փաշինյանի «կտերին» ու հեքիաթներին հավատում է, մի՞թե դա հարմար առիթ է՝ նրանց ծաղրելու, «ձեռք առնելու» համար: Մի՞թե 2021-ն իր կողմնակիցների մասին նման վատ կարծիք կազմելու այդպիսի առիթ է տվել: Երևի, քանզի փաստը մնում է փաստ, որ Փաշինյանը բացեիբաց ծաղրում է արդեն իր կողմնակիցներին, որոնց շարքերն արագորեն նվազում են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «հայ համայնքի ներկայացուցիչների» հետ պարզապես ձախողված էր, ապա Մյունխենում համանման «հանդիպումը», մեղմ ասած, խայտառակություն է եղել:
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ հանդիպմանը հայկական Սփյուռքի որևէ կառույցի և կազմակերպության անդամ ներկա չի եղել։ «Հանդիպումին չէին մասնակցել ո՛չ Հայոց Թեմը, ո՛չ 16 եկեղեցական միություններից մեկը, ո՛չ էլ Գերմանահայ Կեդրոնական խորհուրդը կամ անդամ համայնքի կազմակերպություններից որևէ մեկը»,- մասնավորաբար գրել էր Գերմանահայ Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը՝ հավելելով, որ չկար մեկ ճանաչված անձնավորություն կամ մտավորական, իսկ Մյունխենի Հայ միության նոր ընտրված վարչությունից ներկա է եղել միայն մեկ անդամ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքից սարսափելի նեղված ու զայրացած է եղել Նիկոլ Փաշինյանը: ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նա պարզապես «պատեպատ է տվել» Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին, որ պատշաճ հանդիպում չի կարողացել կազմակերպել: Ավելին, կան տեղեկություններ, որ դեսպանը նույնիսկ կարող է հետ կանչվել։