Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքներին: Այս մասին հայտնում է Օդեսայի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նրա խոսքով՝ հարվածն իրականացվել է երկու բալիստիկ հրթիռներով։
Հարձակման հետևանքով զոհվել է նավահանգստի մեկ աշխատակից։ Եվս ութ մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում հոսպիտալացվել են։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հանդիպումներից մեկը 2028 թվականին կանցկացվի Ադրբեջանում, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է այդ որոշումը:
«Ես ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ Եվրոպական քաղաքական համայնքին հյուրընկալելու հարցում»,- գրել է վարչապետը X-ի իր էջում։
Ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը:
Ուկրաինան և ԱՄՆ-ն ավարտել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման հիմնադրամի գործարկման համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ՝ էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
Նրա խոսքով, վերջին քայլը եղել է ԱՄՆ դիվանագիտական նոտան, որն այսօր ստացվել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջուլի Դևիսից։
«Այժմ մենք կարող ենք պաշտոնապես համարել, որ հիմնադրամը գործարկվել է: Մենք ունենք հավասար գործընկերություն, որը հարգում է Ուկրաինայի ազգային շահերը և նախատեսում է համատեղ կառավարում և ներդրումներ Ամերիկայի հետ: Հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է ապագայի վրա, որտեղ Միացյալ Նահանգները և Ուկրաինան համատեղ ներդրումներ են կատարում մեր պետության վերականգնման և զարգացման գործում»,- գրել է Սվիրիդենկոն:
Ապրիլի 30-ին ԱՄՆ-ն ու Ուկրաինան ստորագրել են Ուկրաինայի բնական ռեսուրսների հասանելիության մասին համաձայնագիր, որը նախատեսում է Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծում։
Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման:
Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը:
ISNA-ի տվյալներով՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր առավոտյան պաշտոնական պատվիրակությամբ մեկնել է Իտալիա՝ մասնակցելու Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլին:
Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի Սթիվ Ուիտկոֆը, ում կուղեկցի ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը, որը նաև ղեկավարում է ամերիկացի փորձագետների խումբը:
Այս բանակցություններն, ինչպես դրանց երկրորդ փուլը, տեղի կունենան Հռոմում Օմանի դեսպանատան շենքերից մեկում:
Թուրքիայի իրավապահ մարմինները կոռուպցիայի հետաքննության շրջանակներում այսօր առավոտյան ձերբակալությունների նոր ալիք են սկսել Ստամբուլի քաղաքապետարանում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բերման է ենթարկվել մոտ 50 մարդ, այդ թվում՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի անվտանգության ծառայության ղեկավար Մուստաֆա Աքընը, ով ներկայումս կալանավորված է։ Ձերբակալվածների թվում են Ստամբուլի քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Գործողությունները միաժամանակ տեղի են ունեցել Ստամբուլում, Իզմիրում, Տրապիզոնում, Անթալիայում, Թունջելիում և Քոջաելիում։ Բերման ենթարկվածների թվում կան մարդիկ, ովքեր ձերբակալվել են երկրորդ ալիքի ժամանակ, իսկ հետո ազատ են արձակվել։
Ստամբուլի դատախազությունը հայտնել է, որ ձերբակալությունների վերջին փուլը կապված է «կոռուպցիոն դեպքերի հետ, որոնք բացահայտվել են քաղաքապետարանի որոշ կառույցներում, այդ թվում՝ ճանապարհների պահպանման և շահագործման վարչությունում»: Ընդգծվել է, որ ձերբակալությունները շարունակվելու են։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) փոխնախագահ Բուրհանեթթին Բուլութը ձերբակալությունները անվանել է «դատախազության և դատական համակարգի միջոցով ընդդիմությանը լռեցնելու փորձ»։ Նա նշել է, որ Ստամբուլի քաղաքապետին և նրա աշխատակազմին առաջադրված բոլոր մեղադրանքները շինծու են և զրպարտություն։
«Այս ձերբակալությունները իշխանությունների փորձն է՝ լռեցնելու ընդդիմությանը և նրան հեռացնելու քաղաքական դաշտից դատական մահակի միջոցով։ «Սա օրենքի հարց չէ, այլ իշխանությունների թելադրանքով իրականացվող քաղաքական օպերացիայի։
Ձերբակալությունների չորրորդ ալիքից հետո Ստամբուլի դատախազությունը քաղաքապետարանին հրահանգ է ուղարկել՝ քաղաքապետարանին պատկանող մետրոյից, մետրոյի ավտոբուսներից, քաղաքային ավտոբուսներից և ծովային տրանսպորտից Էքրեմ Իմամօղլուի դիմանկարները, լուսանկարները, տեսագրությունները և ձայնագրությունները հեռացնելու համար։ Այս կարգադրության համաձայն՝ արգելվում է Իմամօղլուի հետ կապված ցանկացած բովանդակության տարածումը քաղաքապետարանի կողմից շահագործվող հասարակական տրանսպորտում։
Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին, այս որոշմանն աջակցելու համար»,- նշել է նա:
Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է վերսկսել օկուպացված Իվանյանի օդանավակայանի գործունեությունը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս առաջարկը Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում արել է պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն։
Հիքմեթ Բաբաօղլուն նշել է, որ Խոջալուի (Իվանյանի) օդանավակայանը խորհրդանշական նշանակություն ունի յուրաքանչյուր ադրբեջանցու համար: «Կարծում եմ, որ աշխատանքի վերսկսումից հետո հաջորդ փուլում Խոջալուի (Իվանյանի) օդանավակայանը կհամալրի մեր օդանավակայանների թվին»:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը ԱՄՆ-ին սպառնացել է «նոր Վիետնամով կամ Աֆղանստանով», եթե Վաշինգտոնը սխալ գործողություններ անի Մերձավոր Արևելքում։ Տեղեկությունը հայտնում է IRNA-ն։
«Տարածաշրջանում ԱՄՆ–ի սխալներն ամեն դեպքում նրանց համար կվերածվեն նոր Վիետնամի կամ Աֆղանստանի», - ասվում է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Իրանցի զինվորականները խոստացել են պատասխանել սպառնալիքներին կամ սխալ գործողություններին:
Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել միջոցներ ձեռնարկել իրանական միջուկային օբյեկտները պաշտպանելու համար` շեշտելով, որ Իսրայելի հարձակման դեպքում ԱՄՆ–ն կհամարվի այդ գործողությունների մասնակից: Թեհրանում նշել են, որ վճռականորեն կպատասխանեն իրանական միջուկային օբյեկտների դեմ սպառնալիքներին և գործողություններին: