2018-ից առ այսօր անցել է 7 տարի։ Այս ընթացքում տեղի են ունեցել համապետական ընտրություններ, բազմաթիվ համայնքային ընտրություններ, եղել է կոալիցիոն կառավարություն, տեղի է ունեցել դաժան, ուղղորդված և պարտված պատերազմ, եղել է Արցախից հրաժարում, ապա՝ հանձնում։ Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 20,000 հեկտարը օկուպացված է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Տեղի են ունեցել բազմաթիվ մեծ ու փոքր, պատմական և ողբերգական իրադարձություններ, որոնց առանցքում 2021-ի ընտրություններն են։ Ընտրություններ, որոնց արդյունքը ոչ ոք չվիճարկեց, իսկ հիմնական դերակատարները հայտարարեցին, որ այն հաղթանակ էր։
2021-ից հետո ժողովուրդը վերջնականապես հայտնվեց խայտառակ վիճակում։ Արցախի կործանումը դե ֆակտո մտավ գործնական փուլ, որը դե յուրե ավարտվեց 1 տարի անց, իսկ Հայաստանը բռնեց էվթանազիայի ճանապարհը։
Եվ ահա այս ամենից հետո մարդիկ, ովքեր հանձն էին առել ազատել երկիրը նիկոլական ախտից, 7 տարի անց փնտրում են 2018-ին Նիկոլին բերողի ուրվականը։
Այդ փնտրտուքի ամենամեծ դրաման այն է, որ շատ հաճախ նրանք դուրս են գալիս սեփական կամ մերձավորների հետքի վրա։ Կեսից խճճվում են և կանգ առնում, որովհետև հասկանում են այդ գործի վտանգավորությունը։ Այն վտանգավոր է և բացարձակ անիմաստ։ Վտանգավոր է, որովհետև առերեսվում են իրենք իրենց ու ստիպված լինում արդարանալ, իսկ բացարձակ անիմաստ է, քանի որ չունեն ազնվություն ասելու, որ տեղի ունեցածը հեղափոխություն էր։
Եվ ահա այստեղ է բացատրությունը Նիկոլի դեմ պայքարի խորքային ձախողման։ Իշխանությունը Նիկոլին հանձնել է ժողովուրդը՝ հեղափոխության միջոցով և այդ նույն հեղափոխության մեջ խորքային ժողովուրդը գտել է իր միակ կոլեկտիվ հաղթանակը և ամենամեծ տրամվան՝ սխալ դուրս չգալու և պատասխանությանը չառերեսվելու։ Եվ ամեն անգամ երբ իրականությունը ժողովրդին ընտրության առաջ է կանգնեցնում՝ հեղափոխությո՞ւնը, թե՞ Արցախը, հեղափոխությո՞ւնը, թե՞ արժանապատվությունը, իսկ հիմա արդեն հեղափոխությո՞ւնը, թե՞ Հայաստանը, ժողովուրդը հետևողականորեն ընտրում է հեղափոխությունը։
Եթե ժողովուրդը չի ուզում ընդունել հեղափոխության բացասական ու աղետալի հետևանքները, ապա մյուս կողմը՝ դասական ընդդիմությունը չի ցանկանում ընդունել հեղափոխության լինելու փաստը։ Պատճառը պարզ է. Չեն ցանկանում ընդունել, որ իրենք են հեղափոխության առաջացման պատճառն ու ուղիղ պատասխանատուն։ Խուսափելով խոսել հեղափոխության խորքային պատճառների մասին, ընդդիմությանը ոչինչ չի մնում, քան մերժել այն ու մանտրայի պես կրկնել «ով է բերել Նիկոլին 2018-ին» հարցը։ Ուժերի այսպիսի դասավորությունը ձեռնտու է միայն մեկ հոգու՝ Նիկոլին, ով օգտվում է ժողովրդի և ընդդիմության սխալներից և կարողանում է պահել իշխանությունը։
Այս անիմաստ կռիվը մի բանի ապացույց է. այդ մարդիկ ի վիճակի չեն առաջարկել ճանապարհը, թե ինչպես ազատվել Նիկոլից, և ունակ չեն ստանձնել դրա պատասխանատվությունը, ուստի լավագույն դեպքում նորից պատրաստվում են կրկնել 2021-ի դառը փորձը. այն է՝ գնալ հեղափոխական ընտրությունների՝ հերքելով հեղափոխության փաստը, բայց մնալով հեղափոխության պարադիգմայի մեջ։
Հարցի պատասխանը, թե ով է բերել Նիկոլին, կարող եք գտնել 2018-ի YouTube-ում և Facebook-ում։
Հարցի պատասխանը, թե ով է պահել Նիկոլին, կարող եք գտնել ԿԸՀ կայքում և կրկին Facebook-ում։
Եվ այս անիմաստ աղմուկի մեջ չեք գտնի ամենակարևոր հարցի պատասխանը՝ իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին։
Կամ տվեք այս հարցի պատասխանը, կամ հանդարտվեք»,- գրել է նա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հնարավոր է, հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ միասին Վաշինգտոն մեկնեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պլանը: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների։
«Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնը պատրաստ են արդեն հաջորդ շաբաթ Վաշինգտոն մեկնել…. Զելենսկիի հետ՝ Թրամփին ներկայացնելու միասնական ճակատ այս (կարգավորման) պլանի շուրջ», – ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է պարբերականը, վկայակոչելով բրիտանական կառավարական աղբյուրների, Լոնդոնը «բոլոր մակարդակներով» միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Վաշինգտոնին համոզի վերսկսել ռազմական օգնությունը Կիևին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի նիստի ընթացքում ոստիկանության աշխատակիցներից պահանջել է կանխել անօրինական միգրացիայի ուղիները: Այս մասին հայտնում է EADaily-ն։
«Միգրացիոն ոլորտում լուրջ խնդիրներ են դրված ՆԳՆ-ի առջև։ Այստեղ առաջնահերթությունը հասարակության և քաղաքացիների անվտանգությունն է, մեր մշակութային ինքնության պահպանումը։ Անհրաժեշտ է կանխել անօրինական միգրացիայի ուղիները, ավելի ակտիվորեն օգտագործել Միգրացիոն վերահսկողության ժամանակակից գործիքները», - նշել է նա։
«ՆԳՆ-ն այլ պրոֆիլային ծառայությունների հետ միասին պետք է ուսումնասիրի թղթային միգրացիոն քարտից հրաժարվելու եւ արտասահմանից եկողների էլեկտրոնային թույլտվության անցնելու հնարավորությունը։ Այս եւ այլ նորամուծությունները պետք է արտացոլվեն միգրացիոն պետական քաղաքականության նորացված հայեցակարգում, որը պետք է ընդունել արդեն այս տարի, որքան հնարավոր է շուտ», -ասել է պետության ղեկավարը:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 5-ին, կազմել է 394.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.44 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.78 դրամ (աճել է 7.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.89 դրամ (աճել է 4.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390.5-393 դրամով, վաճառվում է 396-397.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 407-418 դրամով, վաճառվում է 425-429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.18-4.36 դրամով, վաճառվում է 4.45-4.70 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 397 դրամով:
Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 424 դրամով:
Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.42 դրամով:
ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը 2023 թվականին 1,5 մլրդ դրամի ներդրում է արել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։ Այդ ընկերության բաժնետերերը ԱՄՆ Դելավեր նահանգի օֆշորում գրանցված ընկերություններ են։ Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու ընկերուհին է։ Ընկերությունը պետության կողմից ներդրումը ստացել է հիմնադրվելուց 8 օր հետո։ Ներկայում «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է մեկ հոգի՝ ընկերության տնօրենը, գրում է «Հետք»-ը։
«2019 թվականի ապրիլի 18-ին, Կառավարության N 513-Ն որոշմամբ ստեղծվեց ԱՆԻՖ-ը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը։ ԱՆԻՖ-ի նպատակն օտարերկրյա ներդրումների ներգրավումն էր, արտահանման աճի խթանումը և հայաստանյան լայնածավալ նախագծերում ներդրումների համաֆինանսավորումը։ Այդ նպատակով 2020 թվականի մայիսի 22-ին ստեղծվեց «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը։ Վերջինս ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունն էր, որի միջոցով պետությունը ներդրումներ էր անում մասնավոր ընկերություններում։
2020-2023 թվականների ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» հիմնադրամը ներդրումներ կատարեց 10 ընկերությունում և «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ ՀՍԳ» ֆոնդում։ Ընդհանուր ներդրումների չափը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամ է և 4 մլն դոլար (2020 թվականի միջին փոխարժեքով՝ 1,9 մլրդ դրամ)։ Այդ ներդրումների արդյունքում պետությունը տարբեր ընկերություններում ձեռք բերեց մինչև 49% մասնաբաժիններ։
Այս ներդրումներից օգտված ընկերություններից մեկը «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն էր։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023 թվականի ապրիլի 26-ին։ Հիմնադրվելուց 8 օր անց՝ մայիսի 4-ին, ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, կատարել է 1 մլրդ 539 մլն 580 հազար դրամի ներդրում՝ դառնալով ընկերության 49% բաժնետերը։ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 3 մլրդ 142 մլն դրամ է։
Ներդրում անելու նպատակն էր ստեղծել կիբերանվտանգային կարողություններ ՀՀ-ում և կրթել ոլորտում մասնագետների, ովքեր որոշակի ժամանակաշրջանում ի վիճակի կլինեն կիբերանվտանգային ոլորտում ծառայություններ մատուցել տեղական և օտարերկրյա շահառու ընկերությունների։
«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրենը Կարինե Անդրեասյանն է։ Անդրեսայանը, բացի «Սի Էֆ Դաբլյուից», բաժնետեր է նաև «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ում։ Նրան է պատկանում «Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ի 33%-ը։ Այս ընկերության 34%-ի բաժնետերը Մարիամ Պահլավունին է։ Մինչև 2024 թվականի դեկտեմբերը Պահլավունին զբաղեցնում էր նաև ընկերության տնօրենի պաշտոնը։ Նա Երևանի քաղաքապետ, նախկինում փոխվարչապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանի կինն է։
Ստացվում է, որ այն ժամանակ (2019-2023 թվականներին), երբ Տիգրան Ավինյանը զբաղեցնում էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամն ավելի քան 1,5 մլրդ դրամի ներդրում է կատարել կնոջ ընկերուհու ղեկավարած ընկերությունում:
«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի բաժնեմասերի 48%-ը պատկանում է «Արարատ Թեքնոլոջիս» ՍՊԸ-ին, 3%-ը՝ «Հայկ Հոլդինգ» ՍՊԸ-ին։ Այս երկու ընկերությունները գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում՝ Ուիլմինգթոն, Լիթլ Ֆոլս Դրայվ, Քորփորեյշն Սերվիս Քոմփանի, 251 հասցեում։ Երկու ընկերությունների գլխավոր գործադիր տնօրենը Ռոբերտ Լևինն է։
ԱՄՆ Դելավեր նահանգը օֆշորային գոտի է, կամ, ինչպես ընդունված է ասել, «հարկային դրախտ»։ Օֆշորային գոտին տվյալ երկրի կողմից որոշված տարածք է, որը նախատեսված է օտարերկրյա ընկերությունների համար։ Օֆշորում գրանցված ընկերությունները չեն կարող շահույթ հետապնդող գործունեություն ծավալել տվյալ երկրի տարածքում։ Այդպիսի ընկերություններն ազատված են լինում հարկերից։
Մենք փորձեցինք պարզել՝ արդյոք «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամի` այս ընկերությունում ներդրած գումարները ծախսվել են նախանշված նպատակին համապատասխան։ ԱՆԻՖ-ից փոխանցեցին, որ այն ընկերությունները, որոնք գումար են ստացել պետությունից, հաշվետվություններ չեն ներկայացրել։
Գումարների ծախսման արդյունավետությունը պետք է վերահսկեր «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը։ Վերահսկողությունը տեղի էր ունենում հետևյալ կերպ՝ ընկերությունը, որը ներդրում էր ստացել պետությունից, ամեն տարի պետք է անցկացներ մրցույթ և ընտրեր անկախ աուդիտորական կազմակերպություն։ Այդ կազմակերպությունը պետք է իրականացներ աուդիտ և արդյունքները ներկայացներ հիմնադրամին։ Աուդիտորական ընկերությունը պետք է լիներ «թոփ 10»-ի անդամ աուդիտորական կազմակերպություններից մեկը։
Պետական գույքի կառավարման կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ աուդիտի եզրակացությունը նույնպես գաղտնի է, չենք կարող ծանոթանալ դրան։
«Ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները կամ աուդիտորական եզրակացությունները Ձեզ տրամադրելու հետ կապված՝ կարծում ենք, որ պահանջվող փաստաթղթերը կարող են պարունակել առևտրային գաղտնիք, որը երրորդ անձին տրամադրելը/բացահայտելը կարող է իրավական առումով խնդրահարույց լինել»,- նշված էր պատասխանում։
Ստացվում է, որ պետությունը հարկատուների գրպանից միլիարդավոր դրամներ է տվել մասնավոր ընկերություններին, բայց հանրությունն իրավունք չունի ծանոթանալ այդ գումարների ծախսման արդյունավետությանը, քանի որ, ինչպես նշեցին ԱՆԻՖ-ից, դա ընկերության համար առևտրային գաղտնիք է, և դրա հրապարակումը կվնասեր նրանց մրցակցային առավելությանը։
Հաշվի առնելով ԱՆԻՖ-ի շուրջ արդեն երկու տարի շարունակվող կոռուպցիոն սկանդալները՝ շատ կարևոր է իմանալ, թե ինչպես են ծախսվել այս գումարները։
«Հետքը» փորձեց զրուցել նաև «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի հետ։ Այցելեցինք այն հասցեով, որը նշված էր իրավաբանական անձանց պետական ռեգիստրում՝ Հանրապետության 37։ Սակայն, այդ հասցեում նման ընկերություն չկար։ Ի դեպ, մինչև Պետգույքի կառավարման կոմիտեի կառավարմանն անցնելը ԱՆԻՖ-ը նույնպես այդ շենքում էր գործում։
Գրավոր հարցում ուղարկեցինք Կարինե Անդրեասյանի էլեկտրոնային փոստին՝ խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.
Արդյո՞ք «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն իրականացրել է «Ձեռնարկատեր+Պետություն» ֆոնդի նախանշած նպատակները։
Քա՞նի աշխատակից է ունեցել ընկերությունը ներդրումը ստանալու պահին և քա՞նի աշխատող ունի հիմա։
Կիբերանվտանգության ոլորտի քա՞նի մասնագետ է կրթել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն։
Այդ մասնագետներից քանի՞սն են աշխատում կիբերանվտանգության ոլորտում։
Արդյոք ԱՆԻՖ-ը, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը կամ Պետգույքի կառավարման կոմիտեն պահանջե՞լ կամ խնդրե՞լ են «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ին վերադարձնել կատարված ներդրումները (1 մլրդ 539 մլն 580 հազար դրամը)։
Կարինե Անդրեասյանը մինչև նյութի հրապարակման պահը չի պատասխանել մեր հարցմանը։
Հարցում ուղարկեցինք ՊԵԿ՝ պարզելու, թե քանի աշխատակից է ունեցել ընկերությունը հիմնադրման պահին և քանի աշխատակից ունի հիմա։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնեցին, որ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն 2023 թվականի ապրիլի դրությամբ ունեցել է 15 աշխատակից, ապա աշխատակիցների քանակը գնալով կրճատվել է, և 2024 թվականի օգոստոսի դրությամբ ունեցել է 2 աշխատակից։ 2024 թվականի սեպտեմբերից մինչ օրս «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում աշխատում է միայն մեկ մարդ` ընկերության տնօրենը։
«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն 2023 թվականին պետական բյուջե է վճարել 108 մլն 145 հազար դրամ հարկ, իսկ 2024-ին՝ 166 մլն 472 հազար դրամ։
Ստացված շահույթի 49%-ը «Սի Էֆ Դաբլյու»-ն պետք է վճարեր Հայաստանի Հանարապետությանը, որպես շահաբաժին։ Մենք հարցում ենք ուղարկել Ֆինանսների նախարարություն՝ տեղեկանալու արդյոք պետությունը ստացե՞լ է շահաբաժինը։ Նախարարությունից պատասխանեցին, որ պետական կառավարման լիազորված մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ անվանումով պետական բաժնեմասնակցությամբ ընկերություն առկա չէ։ Ստացվում է՝ Ֆինանսների նախարարությունը չգիտի անգամ, որ գոյություն ունի նման ընկերություն, որի բաժնետոմսերի 49%-ը պատկանում է պետությանը։ Հետևաբար, նաև խոսք չի կարող լինել շահաբաժին ստանալու մասին։
Եվս մեկ հարցում ուղարկեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ արդյոք «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն վճարել է պետության շահաբաժինը և եթե չի վճարել, ապա որոնք են եղել չվճարելու պատճառները։ Վարչապետի աշխատակազմից մեր հարցումն ուղարկվել է Պետգույքի կառավարման կոմիտե։ Կոմիտեից դեռևս չեն պատասխանել մեր հարցմանը։
ԱՆԻՖ-ի շուրջ առկա կոռուպցիոն սկանդալների ֆոնին «Սի Էֆ Դաբլյու»-ի գործարքը լուրջ հարցեր է առաջացնում պետական ներդրումների արդյունավետության, թափանցիկության և վերահսկողության վերաբերյալ: Պետական միջոցներից 1,5 միլիարդ դրամ է ուղղվել ընկերությանը, որը ոչ միայն ունի օֆշորային կապեր, այլև փաստացի չունի գործունեության ակնհայտ արդյունքներ»,- գրել է լրատվամիջոցը։
Դա բացարձակ սուտ է. Աննա Մկրտչյանը՝ Ագնեսա Խամոյանի հայտարարության մասին. Տեսանյութ
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հաստատել են 53 միլիարդ դոլար արժողությամբ Գազայի վերակառուցման ծրագիր, որի նպատակն է հակազդել «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» պիտակավորված ԱՄՆ սխեմային։
BBC-ն հաղորդում է, որ 91-էջանոց համապարփակ նախագիծը մշակել է Եգիպտոսը։ Այս նոր ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պլանից տարբերվում է նրանով, որ այն միայն բնակավայրերի վերակառուցման մասին չէ, այլ առաջնային տեղ է տալիս քաղաքականությանը և պաղեստինցիների իրավունքներին, ընդգծում է BBC-ն։
Մարտի 4-ին տեղի ունեցած ԱՊԼ երկրների գագաթնաժողովի ընթացքում լիգայի անդամ երկրները հաստատել են նաև անկախ ինքնիշխան պետություն ստեղծելու պաղեստինցիների իրավունքը։ Ըստ Al-Sharq պարբերականի՝ գագաթնաժողովի բացման իր ելույթում ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյտը հայտարարել է, որ Գազայի հատվածի վերակառուցումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ զենքերը լռեն, և իսրայելական ուժերը լիովին դուրս գան այնտեղից։
«Եգիպտոսի ծրագիրն այժմ արաբական ծրագիր է», – հայտարարել է նա՝ ընդգծելով, որ «արաբական դիրքորոշումն այն է, որ մերժվի ցանկացած տեղահանում, լինի դա կամավոր, թե հարկադրված»։Բացի այդ, ԱՊԼ երկրների եզրափակիչ հայտարարության տեքստում նշվել է արդար խաղաղության հասնելու կարևորությունը։
«Մեր ռազմավարական ընտրությունն է հասնել արդար և համապարփակ խաղաղության, որը կբավարարի Պաղեստինի ժողովրդի բոլոր իրավունքները, առաջին հերթին՝ նրա ազատության իրավունքը և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ ինքնիշխան պետության ստեղծումը՝ հիմնված երկու պետություններ ստեղծելու 1967 թ․ որոշման վրա», – նշված է փաստաթղթում։
ԱՊԼ երկրները նաև կոչ են արել միջազգային համաժողով կազմակերպել Պաղեստին պետության ստեղծման համար և պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և արդար խաղաղության հասնելու նպատակով համագործակցել ԱՄՆ-ի հետ։
«Սուտ է, թե Հանրապետականները քննարկում են Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։ Չկա մի ՀՀԿ-ական, որ քննադատել կամ արձագանքել է Քոչարյանի ասուլիսին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հեռակա բանավեճի պատճառներին․
«Մենք սկսել ենք անդրադառնալ, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկ ժամ նվիրեց ՀՀԿ-ի վերաբերյալ ինչ-որ կասկածներ հայտնելուն, որոնք սուտ են։
Համարում եմ, որ չի կարելի նիկոլական դատախազության կողմից հրապարակված որևէ բան համարել ապացուցված։ Չի կարելի շղարշ ստեղծել, թե ՀՀԿ-ականները բաղձում էին նիկոլին իշխանություն տալ․․․
Բագրատ Միկոյանի պնդումը՝ իշխանությունը հանձնելու մասին, ինձ մոտ շատ վատ կասկածներ է առաջացրել, որ Քոչարյանի գրասենյակն է հորինել և նիկոլենց օգտագործման իրավունքով հանձնել իշխանությունը զիջելու մասին թեզը»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ նշելով, որ կարծիքը, թե Ռոբերտ Քոչարյանի դեմ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մեդիաարշավ է սկսվել, սուտ է։
Անդրադառնալով 2018-ի իրադարձություններին՝ Աննա Մկրտչյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներից շատերն են եղել հանրահավաքներին, այնտեղ են եղել նաև ՀՀԿ-ին դավաճանած շատ կուսակցականներ․
«Քոչարյանի ընտանիքի անդամներին բոլորին անուն-ազգանուններով չեմ ճանաչում, բայց սքրին շոթերն ունեմ։ Մասնակցել են, թե պատահական անցել են, դա էլ ձեր աշխատանքն է, ուսումնասիրեք»,- լրագրողներին ասաց Մկրտչյանը։
Վերջին 3 տասնամյակներում Վազգեն Սարգսյան անուն/ազգանունը մշտապես դիտարկվել է բանակի ու բանակաշինության կողքին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ, որտեղ յուրաքանչյուրը` շարքայինից մինչև գեներալ, գիտեր իր անելիքը, գիտակցում էր իր առաքելության կարևորությունը և գիտեր, թե ինչու է հենց ինքը բանակի մի մասնիկը:
Այս տարիների ընթացքում ինչ ասես, որ չեղավ մեր հետ, ովքեր ասես չփորձեցին կոտրել և արմատախիլ անել երկրի թիվ մեկ ինստիտուտը, սակայն 90-ականների ցեմենտված գաղափարախոսությունը և ներդրված կյանքերը իմունիտետ, ըստ այդմ` առողջ ծիլեր են պահպանում բանակի վերածննդի ու բանակն իր ճիշտ հուն վերադարձնելու համար:
Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ»,-գրել է նա:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմը «հիմար» քայլ է, որի նպատակը Կանադայի տնտեսության «լիակատար փլուզումն» է և Կանադայի բռնակցման գործընթացի հեշտացումը:
Այս մասին գրում է The Guardian-ը: Նախօրեին ԱՄՆ-ն ուժի մեջ է մտցրել Կանադական ապրանքների ներկրման համար 10-25% մաքսատուրքերը, ինչին ի պատասխան Կանադան սահմանել է իր մաքսատուրքրերն ամերիկյան ապրանքների համար՝ ընդգծելով, որ պայքարելու է հարևանի ագրեսիայի դեմ.
«Այսօր Միացյալ Նահանգներն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ: Մենք նախկինում էլ են ունեցել դժվար իրավիճակներում… բայց մենք ոչ միայն գոյատևել ենք, այլև ավելի ուժեղ ենք դուրս եկել, քան երբևէ, քանի որ երբ խոսքը վերաբերում է մեր մեծ ազգին պաշտպանելուն, չկա գին, որը մենք բոլորս պատրաստ չենք վճարել, և այսօր էլ նույն իրավիճակն է», - ասել է Տրյուդոն:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ շարքային ամերիկացիները շատ են տուժելու, կորցնելու են աշխատատեղեր ու ավելի թանկ գին են վճելու սննդի, էներգիայի համար:
«Դոնա՛լդ, չնայած շատ խելացի տղա ես, բայց սա շատ հիմար բան է», - ասել է Թրյուդոն: Նա նաև անդրադարձել է Թրամփի այն հայտարարություններին, որ Կանադան պետք է զիջի իր ինքնիշխանությունը և դառնա երկրի 51-րդ նահանգը:
«Դա երբեք տեղի չի ունենա։ Մենք երբեք չենք լինի 51-րդ նահանգ», - ասել է վարչապետը։