Ձերբակալվել է «Շշի Մելոյի» որդին

Սպանվածը Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանն է

շ

Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ այսօր տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերաբակալվածը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդին է՝ 1995 թվականին ծնված Շանթը, գրում է Armtimes.com-ը:

Նա կասկածվում է խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։

Սպանվածը Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանն է: Մեր տեղեկություններով, միջադեպի մասնակիցներից մի քանիսը «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի հարազատներն են, նրանց թվում է եղել նաև նրա քրոջ որդին՝ Ռոմանը: Սպանված երիտասարդը նրանց ընկերն էր:

Կրակոցների հետևանքով 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։