Հայկ Մարությանը համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով

Ամանորյա պարգևավճարների այս ծավալը պլանավորվել է 2017 թվականի դեկտեմբերին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ ներկայացնելով հանրային հաշվետվություն:

«Քաղաքապետ Հայկ Մարությանը Ամանորից առաջ համակարգի 1628 աշխատակիցների պարգևատրել է ընդհանուր 474 միլիոն դրամի չափով։ Այս տվյալը հրապարակել է քաղաքապետը 21.01.2018-ին «Ազատություն» ռադիոկայանին տված Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում (հղումը՝ մեկնաբանությունում)։ Ընդ որում, Մարությանը նշել է, որ ինքն իրեն պարգևատրում չի հատկացրել։

Ի դեպ, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ քաղաքապետը հանրությանը տեղեկացրել էր նաև, որ իր պաշտոնավարման 100 օրերի ընթացում համայնքը տնտեսել է շուրջ 7 միլիարդ դրամ, սա պարգևատրման նշված չափից շուրջ տասնհինգ անգամ ավելի շատ է։

Ամանորյա պարգևավճարների այս ծավալը պլանավորվել է 2017 թվականի դեկտեմբերին։ Քաղաքի գործող իշխանությունը անփոփոխ ձևով բաշխել է նախկինում պլանավորած պարգևավճարները՝ որոշելով հետագա պարգևատրումների համար կիրառել աշխատատանքի արդյունավետության գնահատման գործակից և յուրաքանչյուր աշխատակցին պարգևատրել ըստ այդ գործակցի։

Քաղաքապետարանը հայտնել է, որ պատրաստ է հրապարակել պարգևատրումների անվանական ցանկը, եթե Արդարադատության նախարարությունը եզրակացություն տա, որ այդ հրապարակումը չի հակասում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրությանը։ 

Արդարադատության նախարարության անձնական տվյալների պահպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում մասամբ ներկայացրել է խնդրի վերաբերյալ դիրքորոշումը՝ նշելով, որ «դա համարվում է անձնական տվյալ, և գործատուն կարող է միայն /աշխատակցի/ գրավոր համաձայնության դեպքում այն տրամադրել 3-րդ անձի:

«Մարդու անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալների օրինական մշակման, այդ թվում՝ հրապարակման, հիմքերից են մարդու համաձայնությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված լինելը: Նույնականացվող անձանց պարգևավճարների դեպքում առերևույթ գործ ունենք աշխատանքային հարաբերությունների և աշխատողի անձնական տվյալների հետ, ուստի գործում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի կանոնը, համաձայն որի՝ գործատուն պարտավոր է աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է աշխատողի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում»։

Քաղաքային իշխանությունը համոզմունք ունի, որ պարգևավճարների կիրառումը գործուն միջոց է՝ բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը և խթանելու որակյալ կադրերի ներգրավումը։ Պարգևատրումների պրակտիկան շարունակվելու է, այս կամ այն աշխատակցին պարգևատրելու որոշումը կամ պարգևավճարների չափը սահմանվելու է՝ գնահատելով նախընթաց ժամանակահատվածում նրա աշխատանքը»։