Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում և մի շարք նահանգներում մոլեգնող հզոր ավազամրրիկի հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով Al-Watan պարբերականին:
Սա վերջին ժամանակների ամենահզոր ավազամրրիկն է, որն ուղեկցվում է քամիներով, օդի ջերմաստիճանի նվազմամբ ու կարճատև անձրևներով: Ավազամրրիկի պատճառով Պորտ Սաիդում քանդվել է քարե պատի մի մասը, ինչի հետևանքով մի մարդ զոհվել է, ևս երկուսը ստացել են տարբեր վնասվածքներ:
Եվս չորս զոհ գրանցվել է Ղարբիայի մարզում, որտեղ հորդառատ անձրևի պատճառով տաքսու վարորդը կորցրել է մեքենայի կառավարում, ինչն էլ դարձել է ողբերգական ՃՏՊ-ի պատճառ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում հզոր ավազամրրիկ է տիրում, որի պատճառով ավազի հաստ շերտը պատել է քաղաքները՝ դժվարացնելով մարդկանց տեղաշարժը: Կահիրեում մարդիկ փողոց են դուրս գալիս միայն հատուկ պաշտպանիչ դիմակներով: Մայրաքաղաքում քամու արագությունը հասնում է 50 կմ/ժամ արագության:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եղանակային երևույթի հետևանքով երկու օրով կաթվածահար է եղել երկրի տրանսպորտային հաղորդակցությունը:
0Comments