Քիչ առաջ Վերաքննիչ դատարանում հետաձգվեց գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։
Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ դատական նիստը չի կայացել տեխնիկական պատճառներով։
«Որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա, միջնորդությունները պատրաստելու և ներկայացնելու համար տրամադրվել է ողջամիտ ժամանակ։ Նիստը կկայանա մեկ այլ օր, այս պահին հստակ չեմ կարող օրն ասել»,- ասաց նա։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի դիմաց Էջմիածնի մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին:
Դատարանի շենքից դուրս գալիս՝ ակցիայի մասնակիցները մոտեցան փաստաբան Արսեն Մկրտչյանին և հայտարարեցին, թե նա վիրավորել է իրենց՝ ասելով «թափթփուկներ»: Սակայն Մկրտչյանն ասաց, որ ինքը նման բան չի ասել, և հորդորեց նրանց նորից լսել իր խոսքը:
Ակցիայի մասնակիցները փաստաբանի ետևից սկսեցին բացականչել՝ «տուշոնկայի փաստաբան», «տուշոկայի կռիշկա»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
0Comments