Հակոբ Արշակյանը կշարունակի պաշտոնավարել

Մենք ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կշարունակի պաշտոնավարել:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արշակյանը:

«Իմ պաշտոնավարման շարունակության վերաբերյալ քննարկում եղել է, կշարունակեմ պաշտոնավարել»,- ասաց նա:

Խոսելով նախարարությունների օպտիմալացման և ՏԿՏՏ նախարարության անվան փոփոխության մասին, վերջինս նշեց, որ նախարարությունը միտված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելուն:

«Թե դա հետո ինչպես կօգտագործվի, երկրորդ հարցն է: Մենք կունենանք Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն, որը զբաղվելու է ՀՀ-ում մտքի արտադրանքը առևտրայնացնելով»,- ասաց նա:

Արշակյանը հավելեց, որ իրենք աշխատում են նախարարության անվան մեջ չներառել ռազմարդյունաբերություն բառը, որպեսզի խոչընդոտներ չունենան միջազգային գործընկերների հետ աշխատելիս:

«Այսպիսով, մենք ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն»,- հավելեց նախարարի պաշտոնակատարը: