Զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Քաղաքացիներին Ոստիկանությունից կոչ են անում հարկ եղած դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններին:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու և դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով անկարգություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ավելի վաղ Ռազմական ոստիկանությունից հայտնել էին, որ միջադեպից կարճ ժամանակ անց ՌՈ և ՀՀ ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը։ Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ձերբակալվել է, մեկ այլ մասնակից ներկայացել է Ռազմական ոստիկանություն:
0Comments