Մոսկվայում դատարանը երկարաձգել է Խաչատուրյան քույրերից կրտսերի նկատմամբ խափանման միջոցը

11-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Խաչատուրյանը հորն առնվազն 35 հարված է հասցրել դանակով

Մոսկվայի Բասմանի դատարանը բավարարել է մինչև մարտի 28-ն իրենց հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերի կողմից որոշակի գործողությունների արգելքի տեսքով խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ քննության միջնորդությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Դատական նիստն անցկացվել է դռնփակ, քանի որ հոր սպանության համար մեղադրվող Մարիան անչափահաս է:

Սպասվում է, որ այսօր դատարանը որոշումներ կկայացնի նաև մյուս քույրերի՝ Անգելինա և Քրիստինա Խաչատուրյանների հարցով:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ի երեկոյան իր տան շքամուտքում հայտնաբերվել էր 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դին՝ բազմաթիվ վնասվածքներով: Քննության համաձայն՝ նրան սպանել են երեք դուստրերը: Նշվում է, որ հարազատ քույրերը, այլևս չդիմանալով հոր՝ իրենց նկատմամբ դաժան ու կոպիտ վերաբերմունքին, դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրան:

Քույրերը հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց մեղքը՝ մանրամասնելով, որ հայրը տարիներ շարունակ տանջել է իրենց:

Ավելի վաղ իրավապահ մարմիններում աղբյուրը պատմել էր, որ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Խաչատուրյանը հորն առնվազն 35 հարված է հասցրել դանակով: Մյուս քույրերը հարվածներ են հասցրել հոր մարմնի այլ մասերին ու դեմքին պղպեղային գազ ցանել: 

Քույրերը պատմել են, որ հայրը, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, դանակով հարձակվել է իրենց վրա, և իրենք ստիպված են եղել պաշտպանվել:


Ավելի վաղ Բասմանի դատարանն ազատ էր արձակել քույրերին քննչական մեկուսարանից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է որոշակի գործողությունների իրականացման արգելքը: