Քոչարյանի պաշտպանները նրա կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնեն

Հուսով ենք, որ դատարանը մինչև տարեվերջ կքննի միջնորդությունը

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն դատարան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Այսօր միջնորդություն կներկայացնենք դատարան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Հուսով ենք, որ դատարանը մինչև տարեվերջ կքննի միջնորդությունը»,-ասաց Օրբելյանը:

Հարցին, թե գրավի չափ սահմանելո՞ւ են, թե՞ թողնելու են դատարանի հայեցողությանը, պաշտպանն ասաց, որ  թողնելու են դատարանի հայեցողությանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին ուժի մեջ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալում: