Հրապարակվել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:
«Կառավարության կազմն ու կառուցվածքն», ըստ նախագծի, հետևյալ տեսքը կունենան. կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:
Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները՝
- աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
- առողջապահության նախարարություն,
- արդարադատության նախարարություն,
- արտակարգ իրավիճակների նախարարություն,
- արտաքին գործերի նախարարություն,
- բնապահպանության նախարարություն,
- կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
- պաշտպանության նախարարություն,
- տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
- բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարություն,
- տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն,
- ֆինանսների նախարարություն:
Նոր նախագծով` կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միացվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացվում են, վերանվանվում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը միացվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, վերանվանվում տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն:
Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը, վերանվանվում բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն:
Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում:
Նշենք, որ նախագիծը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս հայտնել է, որ նախագիծը երեք օր է, ինչ շրջանառության մեջ է դրված, սակայն ուղարկվել է միայն գերատեսչություններին, իսկ E-draft-ում դեռ հրապարակված չէ:
0Comments