ԱԱԾ-ն առաջարկում է խստացնել սփյուռքահայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը

Մանրամասներ
ա

Ազգային անվտանգության ծառայությունը նախագիծ է մշակել, որով առաջարկվում է խստացնել սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է որպես պարտադիր պահանջ սահմանել այն, որ վերջին 2 տարվա ընթացքում անձն առնվազն 60 օր օրինական հիմքով պետք է բնակված լինի Հայաստանում։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք դեմ են արտահայտվել այս նախագծին։ «Երկու կոմպոնենտ կա դրա հետ կապված, մեկը, թե ինչպես դա կազդի հայրենադարձության վրա։ Կարծում եմ՝ հայրենադարձության վրա չի ազդի, որովհետև մարդիկ, ովքեր նպատակ ունեն հայրենադարձվելու և վերջին երկու տարվա ընթացքում 60 օր չեն անցկացրել Հայաստանում, կարող են գալ և այդ 60 օրը անցկացնել, հետո դիմել քաղաքացիության համար։ Այլ հարց է, որ ընդհանուր առմամբ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով սա դրական փոփոխություն չէ, հետևաբար, մեր գերատեսչությունն այս փոփոխությանը կողմ չէ»,- ասաց նա։

Սինանյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը հայտնել են ԱԱԾ-ին, բայց դեռ արձագանք չկա։ Թե ինչո՞վ է պայմանավորված այս նախագծի մշակումը, Զարեհ Սինանյանը պատասխանեց․ «Իհարկե, հարցեր առաջանում են, դրա համար մենք դեմ ենք արտահայտվում այս փոփոխությանը։ Այսինքն՝ մեր դիրքորոշումն այն է, որ ցանկալի փոփոխություն չէ։ Թե ինչով է այն պայմանավորված, ես կարող եմ կռահել, բայց չեմ ուզում կռահել, որովհետև համոզված եմ՝ իրենք հիմնավորում ունեն։ Իրենք պետք է ներկայացնեն այդ հիմնավորումները»։