Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշման համար. Տեսանյութ

Մանրամասներ
ա

«Raisina Dialogue» համաժողովին մասնակցելու նպատակաով Նյու Դելիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: 

Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ 

Զրուցակիցները քննարկել են 2021թ․ աշնանը Հնդկաստանի ԱԳ նախարարի` Հայաստան կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին: Կողմերն ընդգծել են անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունավետությունը  և երկուստեք պատրաստակամություն հայտնել հետևողականորեն շարունակել փոխգործակցության խորացումը։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հնդկաստան է այցելում Հայաստանի գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների ուղեկցությամբ, որոնց հանդիպումները իրենց հնդիկ գործընկերների հետ լրացուցիչ խթան կհանդիսանա մեծ ներուժ ունեցող հայ-հնդկական առևտրատնետեսական համագործակցության ակտիվացման համար։ 

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: 

Հայկական կողմը ներկայացրել է հարավկովակասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը խաղաղ գործընթացի առաջմղման գործում: 

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Հնդկաստանին` Ջամմուի և Քաշմիրի հարցում: