Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվարկել է այն գործոնները, որոնցից կախված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտը, հայտնում են ուկրաինական զլմ-ները։
«Ոմանք ասում են, որ դրա համար մի քանի շաբաթ կպահանջվի, ոմանք՝ մի քանի տարի: Ոմանք ասում են, որ պատերազմը կշարունակվի մինչև այս տարվա վերջ, իսկ ոմանք էլ խորհուրդ են տալիս պատրաստվել Ռուսաստանի հետ մշտական առճակատման, քանի դեռ Ռուսաստանը գոյություն ունի», ասել է նախագահը։
«Իհարկե, ես նաև տարբեր կանխատեսումներ եմ լսում, շատ ավելի տարբեր տեղեկություններ ունեմ, քան որոշ լրատվամիջոցներ են հրապարակում ռուսական բանակի մտադրությունների և հնարավորությունների, ռուսական տնտեսության ներուժի, Ռուսաստանի Դաշնությունում հասարակության հուզական վիճակի մասին։ Այս ամենը պետք է հաշվի առնել պատերազմի ավարտի մասին խոսելիս: Սա նշանակում է, որ մենք պետք է հաշվի առնենք Ռուսաստանի վրա ազդեցության գործիքների արդյունավետությունը, որոնք օգտագործում են Ուկրաինան և մեր ողջ հակապատերազմական կոալիցիան ռուսական ագրեսիայի դեմ», ասել է նա:
«Մեր զինվորականների հաջողությունները մարտի դաշտում իսկապես նշանակալից են, շատ նշանակալից: Պատմականորեն նշանակալից են, բայց դեռ բավարար չեն մեր հողը զավթիչներից մաքրելու համար: Մենք նրանց ավելի շատ ենք հարվածելու: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շատ լուրջ են, տնտեսապես ցավոտ, բայց դեռ բավարար չեն ռուսական ռազմական մեքենան գոյության միջոցներից զրկելու համար»,- ասել է Զելենսկին։
Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ «մենք խթանում ենք ավելի ուժեղ, ավելի կործանարար» պատժամիջոցները։
«Հենց այս երկու ուղղություններով է որոշվում, թե որքան կտևի այս պատերազմը, ես միշտ ասում եմ մեր բոլոր գործընկերներին, ում հետ քննարկում եմ այդ հարցը, որ խաղաղության սկիզբն ուղղակիորեն կախված է Ուկրաինային աջակցության չափից։ Ես ասում եմ՝ որքան արագ հասցնեք այն զենքերը, որոնք մենք խնդրել ենք, այնքան ավելի ամուր կլինեն մեր դիրքերը, և այնքան շուտ խաղաղություն կլինի։ Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն և նրա բանկային հատվածի ամբողջական արգելափակումը պարտադիր են խաղաղության համար», ընդգծել է նախագահը։
0Comments