ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որն ուղղված է ոչ ֆորմալ, ինֆորմալ կրթության ճանաչմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:
«Խոսքը ոչ ֆորմալ, ինֆորմալ ճանապարհով անձի ձեռք բերված գիտելիքները, կարողությունները ճանաչելուն և այդ գործընթացը կազմակերպելուն է վերաբերվում: Այս փոփոխությամբ մենք փորձում ենք մարդու կյանքի ընթացքում ձեռք բերված ցանկացած գիտելիք կամ կարողություն պետության կողմից ճանաչել: Փորձ է արվում կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը: Այսօր էլ աշխատակիցները երբեմն անցնում են վերապատրաստումներ, դասընթացներ, բայց դրանք որևէ տեղ փաստացի, իրավական փաստաթղթով չեն արձանագրվում: Չկա կարգավորում, թե որ կազմակերպությունները կարող են անցկացնել վերապատրաստման դասընթացներ, ինչ ծրագրով, ով է երաշխավորել այդ ծրագիրը, բացակայում է, թե այդ ծրագրերի նկատմամբ ովքեր են վերահսկողություն իրականացնելու: Բացակայում է միասնական վկայականի տրամադրումը: Այս նախագծով մենք փորձ ենք անում կարգավորել այդ խնդիրները»,-ասաց Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ կլինի ազգային ռեեստր, որը կվարի ամբողջ գործընթացը: Եվ պետությունը, գործատուն հստակ կիմանա, թե աշխատակիցը ինչ ծրագրով է անցել վերապատրաստումը:
«Մեկ միասնական համակարգում պետությունը և գործատուն կկարողանան տեսնել, թե x մասնագիտության տիրապետող որքան անձ կա»,-ասաց պատգամավորը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ նշեց, որ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների ճանաչումն ուղղակի այլընտրանք չունի: Խոսքն, ընդ որում, ոչ միայն պետական համակարգի աշխատողների վերապատրաստման մասին է:
0Comments