Հայաստանի շուրջ ահռելի խնդիրներ կան լուծելու, որից գլխավորը դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցն է, ինչպես նաև տարածաշրջանի ճանապարհային նոր աշխարհագրության մշակման խնդիրը: Սակայն ապրում ենք օրեցօր փոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ կա շատ ավելի ակտուալ և տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող խնդիր՝ իրավիճակը Հայաստանի շուրջ՝ իրանաադրբեջանական սրացումը կամ Իրանի նոր դիրքավորումը, որովհետև Իրանն իր համար նոր սպառնալիքներ է սկսում նկատել իր հարևան Ադրբեջանի վերահսկողության գոտիներում:
Վերջին շաբաթների ընթացքում միայն նկատում ենք, որ կողմերի հռետորաբանությունը և քայլերը սրվում են, կա բավականին մեծ կուտակված մարդուժ և տեխնիկա սահմանային գոտիներում, քանի որ կարծես միմյանց դեմ երկու մասշտաբային զորավարժություններ են ընթանում բազմաթիվ խաղացողների ներգրավմամբ, օր օրի սրվող հայտարարություններ, և սրա շուրջ ևս ժամացույցի սլաքների համաձայնեցման կարիք ունեն կողմերը:
Անվտանգային միջավայրը 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում շատ լուրջ փոփոխություններ է կրել, նորը դեռ չի ձևավորվել, և ներկայումս տարածաշրջանը լիովին նոր իրավիճակում է, որի մասին 5 տարի առաջ իրապես պատկերացնելն անհնար կարող էր լինել: Ռուսաստանը ևս փորձում է հասկանալ, թե Իրանի նոր իշխանությունն ինչպես է աշխատելու Ռուսաստանի հետ, ինչ ուղերձներ է հղում Ռուսաստանին:
Տեսնում ենք, որ ողջ ուշադրությունն այսօր ուղղված է Իրանի հարևանությանը, որը նաև ռուսական ազդեցության գոտին է, սակայն Իրանի խնդիրն Իսրայելն է՝ առաջին հերթին, Թուրքիան՝ երկրորդ: Իրանը հասկանում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ուժային գործոնը, ներկայիս զարգացումների տրամաբանության շրջանակում, իր հարևանությամբ շարունակելու է խորանալ և աճել, իսկ Գորիս-Կապան ճանապարհի շուրջ առաջացած իրավիճակը դարձավ պատճառ, որպեսզի Իրանն արտահայտի իր դժգոհությունը և փորձի տարածաշրջանում նոր դիրքավորում ստանալ:
Իրանը փորձում է «շոշափել» նաև Հայաստանի Հանրապետության տրամադրվածությունը: «Այս փուլում տեսնում ենք, որ շփումներ կան Հայաստանի և Իրանի միջև, հռետորաբանության մակարդակում խնդիրներ նկատելի չեն, կողմերը միմյանց վստահեցնում են, որ միմյանց դեմ գործողություններ չեն լինի, կհարգվեն շահերը, կարծում եմ՝ ավելի լայն աշխատանք կա, որի մասին հասկանալիորեն չի խոսվում:
Այս փուլում խոսելու շատ թեմաներ կան, քանի որ հրապարակային օրակարգում թե ներկայիս ուժերի դասավորությունն է ռեգիոնում, թե հետպատերազմյան պայմանավորվածությունները, թե կողմերի պահանջները, ակնկալիքները միմյանցից:
Սա շատ բարդ փուլ է, ըստ էության Ղարաբաղյան մեծ պատերազմից մեկ տարի անց տարածաշրջանն աննախադեպ բարդ փուլում է, քանի որ խաղացողները ռազմականացված երկրներ են, ինչպիսին՝ Թուրքիան, Իրանը, Իսրայելը, Ադրբեջանը, սա անհանգստացնող իրավիճակ է: Իրանը, ըստ էության, դեմ է հետպատերազմյան պայմանավորվածություններին, դա անուղղակիորեն Ռուսաստանի դեմ է նաև, այստեղ հարցերի լայն շրջանակ կա քննարկելու, քանի որ Իրանի նոր իշխանության քաղաքականությունն ազդում է տարածաշրջանային իրողությունների վրա, որոնք պատերազմից հետո են ձևավորվել և դեռ պետք է ձևավորվեն:
0Comments