Ամուլսարի ծրագրի իրականացման դեպքում երկրի ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա հանքի հնարավոր ազդեցության գնահատման փորձաքննության եզրակացության տրամադրման վերաբերյալ ELARD լիբանանյան ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Հիշեցնենք, որ այդ նպատակով ժամանակին կառավարությունը պետական բյուջեից հատկացրեց 400 հազար դոլար։ Պայմանագրով փորձաքննության վերջնական արդյունքները նախատեսվում էր ներկայացնել արդեն նախորդ ամսվա վերջին։
Մինչ այդ, մայիսի 31-ին ստացվել էր 150 էջից կազմված նախնական եզրակացություն:
Անցել է մեկ ամսից ավելի, սակայն Քննչական կոմիտեն առայժմ կարծես չի շտապում հրապարակայնացնել փորձագետների գնահատականը. ի վերջո, ծրագրի իրականացումը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ։
Արդյունքում՝ Ամուլսարի հետ կապված անորոշությունները, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա պահպանվում են։ Այս իրավիճակը դեռ ինչքա՞ն կշարունակվի, պարզ չէ։
Հայտնի է սակայն, որ ներկայացվող բնապահպանական փորձաքննության եզրակացությունից է կախված լինելու Ամուլսարի ճակատագիրը։ Դրա հիման վրա կառավարությունը պատրաստվում է որոշել` թույլատրելո՞ւ է ծրագրի հետագա իրականացումը, թե՞ այն դադարեցված էլ մնալու է։
Մի բան հստակ է, որ թե՛ մեկ, և թե՛ մյուս դեպքում որոշումը հեշտ չի տրվելու։ Ծրագրի դադարեցման դեպքում կառավարությունը հայտնվելու է իրավական բարդ գործընթացում, որը հղի է նաև ծանր ֆինանսական հետևանքներով։ Դրական եզրակացության դեպքում` դրան դեմ են պատրաստվում դուրս գալ բնապահպաները, ովքեր ոչ միայն մեկ տարի շարունակ փակ են պահում Ամուլսարի ճանապարհը, այլև ցանկացած պարագայում պատրաստվում են պայքարել ծրագրի վերսկսման դեմ։
Այնպես որ, այս թնջուկը հեշտ լուծում չունի։ Ինչքան էլ կարող է տարօրինակ լինել, դրա առաջացման գլխավոր մեղավորներից մեկն էլ կառավարությունն է, որը քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ ժամանակին անուղղակիորեն գործընթացները բերեց այս վիճակին։ Արդյունքում` ծրագրի իրականացումը կասեցվեց, իսկ մի քանի հարյուր մարդ զրկվեց աշխատելու հնարավորությունից։
Ու որքան էլ այս փուլում զուտ տնտեսական, ինչպես նաև սոցիալական առումով կառավարության համար նպատակահարմար է ծրագրի գործարկումը, դա այլևս հեշտ գործ չէ։ Ինչպիսին էլ լինեն փորձագիտական եզրակացության արդյունքները` դրանք դեռ պետք է տեղայնացվեն։
Անկախ ամեն ինչից, պարզ է, որ այս անորոշ իրավիճակը չի կարող այսպես երկար շարունակվել։ Այն ինչ-որ կերպ պետք է հանգուցալուծվի։
Ամուլսարի ծրագիր դարձել է լուրջ փորձաքար Նիկոլ Փաշինյանի կառավարության համար։ Մի քանի հարյուր միլիոն դոլարանոց խոշոր ներդրումային նախագիծը, որի մեծ մասն արդեն իրականացվել էր, իշխանափոխությունից անմիջապես հետո հայտնվեց հարկադիր պարապուրդում։
Մեկ տարուց ավելի է, այն արգելափակված է, աշխատանքները՝ դադարեցված։ Ու հիմա բոլորը սպասում են փորձագետների եզրակացությանը։
«Եթե եզրակացությունը կլինի բացասական, և կնշվի, որ առկա վտանգները կազմակերպության գործունեության հետ անհամատեղելի են` ջրային ռեսուրսների հետ կապված, ապա կառավարությունն իրավական գործընթաց կսկսի, որպեսզի աշխատանքները դադարեցվեն»,- անդրադառնալով ծրագրի հետագա ընթացքին` վերջերս հայտարարեց շրջակա միջավայրի նախարարը։
Իհարկե, դեռ վաղ է ասել՝ այդպե՞ս կլինի, թե՞ ոչ։ Բայց միանշանակ է, որ նման զարգացման դեպքում հետևանքները կարող են շատ ծանր լինել։
Խնդիրն ամենևին էլ այն չէ, որ նույնիսկ բնապահպանական վտանգների առկայության պարագայում ծրագիրն անպայման պետք է շարունակվի։ Խնդիրն այն լրջագույն հետևանքներն են, որոնք կարող են առաջանալ, եթե կառավարությունը որոշի ընդհանրապես արգելել հանքի շահագործումը։
Նույնիսկ ծրագրի կասեցումը լուրջ վնասներ է հասցրել երկրի ներդրումային միջավայրին, ուր մնաց թե՝ դրա դադարեցումը։ Լինելով արևմտյան կապիտալով Հայաստանում երբևէ իրականացվող ամենախոշոր ներդրումային ծրագիրը` Ամուլսարի նկատմամբ հետաքրքրությունները դրսում չափազանց մեծ են։ Մեկ անգամ չէ, որ դիվանագիտական մակարդակներում մտահոգություններ են հնչել ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Երբեմն ուղղակիորեն Ամուլսարի հետ է կապվում դրսից ակնկալվող ներդրումների հավանականությունը։
Զարմանալի չէ, որ հետհեղափոխական Հայաստանում, որը միանգամայն այլ միջավայր է խոստանում ներդրողներին, քան կար իշխանափոխությունից առաջ, չի գրավում օտարերկրյա կապիտալին։ Դրա պատճառներից մեկն էլ Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված բացառիկ իրավիճակն է։ Դժվար է պատկերացնել, որ մի քանի հարյուր միլիոն դոլար ներդրումներից հետո ներդրողը, այն էլ՝ օտարերկրյա, կարող է հայտնվել այդպիսի բարդ կացության առջև։ Մի երկրում, որտեղ նման խնդիրներ կարող են առաջանալ Ամուլսարի պես խոշոր ծրագրի հետ, դժվար չէ պատկերացնել, թե որքանով իրենց կարող են պաշտպանված զգալ փոքր ներդրողները։
Իհարկե, խնդիրը միայն ներդրումները չեն. պարզ է, եթե որոշվի ընդհանրապես արգելել հանքի շահագործումը, ապա ներդրումային հետևանքները շատ ավելի մեծ են լինելու։ Հետագայում երկար տարիներ են անհրաժեշտ այդ հետևանքները մաքրելու համար։ Բայց վտանգը միայն ներդրումները չեն։
Պակաս կարևոր չէ ծրագրի դադարեցումից բխող ֆինանսական պարտավորությունը. իսկ ինչքա՞ն գումար պիտի վճարի պետությունը ծրագիրը կասեցնելու հետևանքով ներդրողին պատճառած վնասների դիմաց։
Խոսքը մեծ գումարի մասին է։ Տարբեր գնահատումներով՝ փոխհատուցումը կարող է հասնել ընդհուպ մինչև 1,5-2 մլրդ դոլարի։ Հնարավոր դատական գործընթացներ սկսվելու դեպքում այդ վտանգը կախված է լինելու պետության գլխին։
Նույնիսկ մի քանի հարյուր միլիոն դոլարը լուրջ ծանրություն է Հայաստանի պետական բյուջեի վրա։ Էլ ո՞ւր մնաց թե՝ 2 կամ անգամ 1 մլրդ դոլարը։
0Comments