Արցախում ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված սկսել են հայտնվել տարբեր «չհաստատված» լուրեր, որոնք համընկան Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատարի ռոտացիայի հետ: Հիշեցնենք, որ օրերս գեներալ Մուրադովին փոխարինեց գեներալ Կոսոբոկովը:
Նույն օրերին հայկական ԶԼՄ-ներում տեղեկություն հրապարակվեց, թե իբր ռուս խաղաղապահները, իմանալով, որ Բաքվի զորքերը փակել են ճանապարհը Շուշիի մոտ, կոչ են արել բացել ճանապարհը: Երբ մերժել են, «Մուրադովը երկու զրահամեքենա է ուղարկել եւ հրամայել ադրբեջանական տրակտորը հրել կիրճ, այդպես էլ արել են»:
Իր հերթին, Բաքվի ԶԼՄ-ները հայտնում են Կարեն Ջալավյանի (Քյոխ) վերահսկողության տակ գտնվող հատվածում տեղի ունեցած միջադեպի մասին, ըստ որի՝ ռուսական կողմը ստիպել է հայկական կողմին հանձնել այդ դիրքը, ինչից հետո ռուս խաղաղապահները, ում հայկական կողմը չի զգուշացրել ականապատ դաշտի մասին, ականի պայթյունից ստացել են ծանր վնասվածքներ։
Կան նաև տեղեկություններ, որ ռուսական զորքերը տեխնիկայի նոր խմբաքանակ են բերել Արցախ: Այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել ու չեն հերքվել:
Փորձագետները սկսել են ավելի ու ավելի շատ խոսել Արցախում ռուս խաղաղապահների կարգավիճակի մասին: Անդրիաս Ղուկասյանի խոսքով, Ռուսաստանը, միակողմանիորեն զորք մտցնելով Արցախ, խախտել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ պայմանավորվածությունը, ըստ որ՝ Մինսկի խմբի համանախագահներից ոչ մեկը չի կարող խաղաղապահներ տեղակայել Արցախում:
Խաղաղապահների հարցի շուրջ քննարկումներն ակտիվացել են Բաքվում, որը չի սստորագրել ռուսական զորքերի ներկայության մանդատը, սակայն ստորագրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ մատնանշել է, որ Բաքուն չի ստորագրել մանդատը ՝ ակնարկելով, որ Մոսկվան Արցախում է «Հայաստանի խնդրանքով», ինչպես խոստովանել են ռուս պաշտոնյաները:
Շուշիի պատմական թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը կարծում է, որ «ռուսական զորքերը չեն բավականացնի Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Հետևաբար, Հայաստանն իրավունք ունի դիմելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին ՝ Ֆրանսիային և ԱՄՆ -ին: Մենք պետք է ասեինք. այն շրջաններում, որոնք ռուսներն անվանում են ադրբեջանական, մենք ցանկանում ենք տեղակայել այլ խաղաղապահներ, քանի որ ստացվում է, որ ռուսներն ադրբեջանցիների կողմն են»:
Երեւանն իրավունք ունի ու պարտավոր է բարձրացնել նման հարցեր, հակառակ դեպքում Մոսկվան կշարունակի տորպեդահարել կարգավորման հնարավորությունը ԵԱՀԿ և ՄԱԿ մակարդակում: Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Մոսկվան ՝ բոլորին «համոզելու» իր անփոխարինելիության մեջ: Եվ ի՞նչ քայլից կսկսի իր գործունեությունը գեներալ Կոսոբոկովը: Իրավիճակը նման է 90 -ականների սկզբին, երբ Մոսկվան նախ Վոլսկուն ուղարկեց Արցախ, այնուհետև նրան փոխարինեցին Սաֆոնովը և Պոլյանիչկոն, և տեղի ունեցան երկու «Օղակ» օպերացիաները:
0Comments