Այնուամենայնիվ, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի շահագործի Ամուլսարի հանքը։ Հայաստանի ներքաղաքական կյանքի այս կարևոր հանգույցը, թերևս, այդպես էլ փակ մնա։ Ամենայն հավանականությամբ, կրկին կնշանակվի հերթական անիմաստ փորձաքննությունը, որը Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտա հերթական անգամ խուսափել հարցի լուծումից և հերթական անգամ հանքի շահագործումը հետաձգել։
Թեժ աշնան շեմին, երբ իշխանական սկանդալները սկսում են մեկը մյուսի հետևից պայթել, Նիկոլ Փաշինյանը չի կարող իրեն թույլ տալ ներքին քաղաքականության մեջ ունենալ այսպիսի թեժ թեմա, որը կարող է միավորել և՛ քաղաքական ուժերին, և՛ հանրության լայն զանգվածներին՝ ընդդեմ իշխանությունների։ Հիմնականում այս պատճառով է, որ իշխանությունները չեն գնա իրենց ժողովրդականությունը վտանգող ռիսկի։
Ամուլսարի գործարկման ժամանակը բաց է թողնված։ Քաղաքականության պարզագույն ճշմարտություն է, որ իշխանությունները կարող են գնալ ոչ պոպուլյար քայլերի իրենց բարձր պոպուլյարության շրջանում։ Այն ժամանակ, երբ ժողովուրդը հավատում է իշխանություններին, մեծամասնությունը հավանության կարժանացնի կառավարության քայլերը՝ համարելով, որ ժողովրդի դարդերից խոսող ու դարդերով ապրող իշխանավորները երկրի շահերի դեմ քայլեր չեն անի։ Իհարկե, կլինի մարդկանց փոքր խումբ, ով դժգոհ կմնա նման քայլերից, սակայն լեգիտիմության այդ բարձր փուլում նման փոքր խմբերին կարելի է անտեսել։ Ավելին, բարձր լեգիտիմությունից ջախջախված ու բարոյազերծված ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն էլ հանդգնի քննադատել հաղթողներին։
Սակայն, հակառակ այս տրամաբանության, 70-80 տոկոսանոց հաղթած Նիկոլ Փաշինյանը ցանկացավ ունենալ է՛լ ավելի շատ լեգիտիմություն, ժողովրդի է՛լ ավելի շատ սեր։ Դրա համար էլ իրական լուծումների փոխարեն՝ նա գնաց պոպուլիստական նոր քայլերի, որոնց թվում էր նաև հանքի բացման դեմ բողոքողներին քաջալերելը։
Կառավարման մյուս կարևոր հիմնախնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շփոթում է ներքին քաղաքականության և արտաքին քաղաքականության լուծումների մեթոդաբանությունը։ Եթե ներքին քաղաքականության մեջ բարձր լեգիտիմության պայմաններում նա անընդհատ ետ է կանգնում իր պայմանավորվածություններից ու խոստումներից՝ կամ ամենևին չմեկնաբանելով դրժումները, կամ տարբեր ճարպկամիտ մեկնաբանություններ տալով։
Արտաքին քաղաքական հարաբերություններում այդ հնարքը չի աշխատում՝ պողոսներն այնտեղ հազվադեպ են, և ամեն խոսքի, ամեն պայմանավորվածության ու ամեն պայմանագրի համար երկրի ղեկավարը պատասխանատվություն է կրում։ Եվ մենք հաճախ ենք ամոթով ականատես լինում, երբ ինչ-որ երկրի ղեկավար, կամ էլ հենց Մարիա Զախարովան, ուղղում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Ամուլսարի դեպքում Հայաստանը հարաբերությունների մեջ է մտել միջազգային լուրջ կազմակերպությունների հետ։ Նկատելով Նիկոլ Փաշինյանի երկմտանքն այս փուլում, Moody’s-ը հանկարծ բարձրացրեց Հայաստանի ներդրումային վարկանիշը։ Շատերն են նկատել, որ սա Փաշինյանի կառավարությանը տրված կանխավճար էր, որպեսզի այն ավելի անվեհեր լինի և վերջապես ձեռնարկի վաղուց խոստացված ներդրումներ ներգրավելը, և այդ գործընթացը սկսի հենց Ամուլսարից։
Մյուս կողմից՝ AmCham-ի՝ Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի խիստ հայտարարությանը նայել զուտ այն տեսանկյունից, որ «Լիդիանն» այդ պալատի անդամ է, միամտություն կլինի։ Միացյալ Նահանգները վաղուց է ցանկանում Հայաստանում կայունություն տեսնել՝ առնվազն այնքան կայունություն, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանում անվտանգ լինեն։ Չի բացառվում, որ Ամուլսարի հանքի հերթական չգործարկումն արդեն հանգեցնի նրան, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն արդեն կոնկրետ քայլերով հիշեցնեն իր պարտավորությունների մասին։
Խոսքը չի վերաբերում միայն արբիտրաժ մտնելու և միջազգային դատարանի որոշմամբ Հայաստանին մեծ տուգանքներ սահմանելու սպառնալիքին։ Հայաստանին կարող են սպառնալ ավելի արագ և ավելի կոնկրետ պատժամիջոցներ։ Օրինակ, պետք չէ մոռանալ, որ Հայաստանն Արևմուտքում ունի որոշակի ակտիվներ, որոնք կարող են դառնալ պատժամիջոցների առաջին թիրախները։
Քաղաքագիտական մեկ այլ ճշմարտություն ասում է, որ երկիրը չպետք է մտցնել այնպիսի վիճակի մեջ, որտեղից նահանջելու դեպքում այն կկորցնի իր դեմքը, իսկ առաջ գնալը կապված է մեծ ռիսկերի հետ։ Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի կողմից նման քաղաքական թակարդի մեջ ընկնելու միակ աղմկոտ օրինակը չէ։ Անհրաժեշտ է հիշել նաև մատի մի անլուրջ շարժմամբ զորքը Սիրիա ուղարկելը, երբ հիմա զորքը հանելու ԱՄՆ պահանջը կատարելու դեպքում հայ-ռուսական հարաբերությունները անվերադարձ կվատանան, իսկ չհանելու դեպքում նույն վիճակում կհայտնվեն հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք դեռ չէին էլ սկսել ձևավորվել։
Աղասի Ենոքյան
0Comments