Սեպտեմբերի 1-ին հանրակրթական ուսումնական հաստատություններում դասերը սկսվելու են առկա եղանակով` համաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:
Ուսուցիչների պատվաստումներն իրականացվում են կամավոր. չկա որևէ պարտադրանք, սակայն խրախուսվում է պատվաստվելը` հաշվի առնելով համավարակի դեմ պայքարի առողջապահական կանոնները և հանրային առողջապահության նկատմամբ ունեցած յուրաքանչյուրի, այդ թվում՝ նաև ուսուցիչների պատասխանատվությունը: Այս մասին այսօր՝ նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Առողջապահության նախարարության նոր պահանջների և կանոնների հրապարակումից հետո ավելի հստակ ու պարզ կլինի, թե պատվաստումների և թեստավորման հակացուցում ունեցող անձանց համար ինչ կարգավորումներ են տրվելու»,- նշել է Ժ. Անդրեասյանը` փաստելով, որ ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարության՝ առողջապահական նոր պահանջները կիրառվելու են հոկտեմբերի 1-ից:
Խոսելով անցյալ տարվա իրավիճակի մասին` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան բազմաթիվ մեծաքանակ աշակերտներով դպրոցներ, որոնք, 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշով պայմանավորված, ողջ տարվա ընթացքում չեն անցել հեռավար կրթության: Փոխարենը կան դեպքեր, երբ փոքրաթիվ աշակերտներով դպրոցները հեռավար կրթության են անցել, քանի որ առաջ են եկել վարակի տարածման ակտիվ օջախներ:
Հարցին, թե որքանով դրական կամ բացասական է ազդել հեռավար կրթությունն աշակերտների առաջադիմության վրա, փոխնախարարը պատասխանել է. «Այս հարցն ունի հատուկ ուսումնասիրության կարիք: Ակնհայտ է, որ որքան շատ են երեխաները դպրոց հաճախում, այնքան ավելի բարձր է արդյունավետությունը: Սակայն մանկավարժներ կան, որոնք նշում են, թե մեծ դասարանների դեպքում կիսված դասարաններով աշխատելն ավելի արդյունավետ է եղել, քանի որ երեխաների նկատմամբ ուսուցիչների ուշադրությունն ավելի մեծ է եղել: Հարցի հետազոտությունը կարևոր է նաև մեզ համար, որը կիրականացվի Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից»:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Պաշտպանության նախարարություն` հատկապես Տավուշի մարզում աշխատող տղամարդ ուսուցիչներին, ինչպես նաև նրանց, որոնք դպրոցում տվյալ առարկայի միակ մասնագետն են, այս փուլում չներգրավել պահեստազորի եռամսյա զորահավաքի վարժանքներում:
«Դիմել ենք ՊՆ-ին, որպեսզի այն դեպքերում, երբ ուսուցիչը տվյալ առարկայի միակ մասնագետն է, քննարկվի այս զորահավաքի շրջանակում այդ անձանց չզորակոչելու հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա՝ հաշվի առնելով հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացը: Մենք վերապատրաստել ենք Տավուշի մարզի բոլոր ուսուցիչներին։ Շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները սեպտեմբերից կարողանան իրականացնել ուսումնական գործընթացը` նոր չափորոշիչներով: Զորահավաքին մասնակցելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ ոչ միայն առարկայի դասավանդման, այլև չափորոշիչների փորձարկման տեսանկյունից»,– նշել է Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ քննարկումների արդյունքում վերջնական համաձայնություն կլինի` հաշվի առնելով նաև պաշտպանության համակարգի առաջնահերթությունները:
Եթե անգամ առարկայի միակ ուսուցիչները կանչվեն եռամսյա հավաքի, ապա լուծումներ, իհարկե, ուսումնական պլանի և դասացուցակի ճկուն տեղաշարժերի հաշվին, կգտնվեն։ Փոխնախարարն ընդգծել է, որ պատերազմի օրերին ևս առաջացել էր նման իրավիճակ, երբ «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչները մեկնել էին առաջնագիծ, սակայն ուսումնական գործընթացը չխաթարվեց։
0Comments