Վրաստանը հունիսի 1-ից բացում է իր ցամաքային սահմանները, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Վրաստան կարող են մուտք գործել կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները (բացառությամբ վերջին երկու շաբաթվա ընթացքում Հնդկաստան այցելած մարդկանց): Վրաստանի կառավարությունը կազմել է երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել երկիր առանց պատվաստման, սակայն բացասական ՊՇՌ-թեստով, որը հանձնել են ժամանումից 72 ժամ առաջ:
Այդ երկրների թվում են՝ ԵՄ երկրները, Իսրայելը, Թուրքիան, Շվեյցարիան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Հյուսիսային Իռլանդիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Կանադան, Ճապոնիան, Քուվեյթը, Չինաստանը, Հարավային Կորեան, Օմանը և Մոլդովան:
Վրաստան ժամանած օտարերկրացիները չպետք է մոռանան քովիդ-սահմանափակումների մասին: Հակառակ դեպքում խախտողները ստիպված կլինեն տուգանք վճարել:
Այսպես, Վրաստան մեկնելիս հիշեք, որ՝
Վրաստանում գործում է գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակում՝ ժամը 23:00-ից մինչեւ 05:00-ն: Խախտման դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի (615 դոլար);
Պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում դիմակ կրելը: Առանց դիմակի չի թույլատրվում նաեւ հասարակական տրանսպորտ նստել: Դիմակի բացակայության համար տուգանքը կազմում է 20 լարի (6 դոլար);
Արգելվում են նաեւ հարսանեկան արարողությունները, բանկետները, հոբելյանները, հոգեհացը: Տուգանքը՝ 2000 լարի (615 դոլար);
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն:
0Comments