Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել Bentley Mulsanne մակնիշի մեքենան, որը պատկանել է Էլիզաբեթ 2-րդ թագուհուն:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, լիմուզինը թագուհուն է պատկանել 2013-2015 թվականներին, որից հետո այն վերադարձվել է Bentley ընկերությանը: Վեց տարի մեքենան գտնվել է բրիտանական ընկերության դիլլերներից մեկի մոտ, այնպես որ մեքենայի վազքը կազմում է ընդամենը 4010 կմ:
Նշվում է, որ թագուհու մեքենան զգալիորեն չի տարբերվում ընկերության այլ սեդաններից: Թագավորական ընտանիքի համար այն չեն զրահապատել կամ համալրել հավելյալ գործառույթներով:
«Թագավորական» Mulsanne-ն առանձնանում է նրանով, որ երբեք հաշվառման մեջ չի գտնվել: Իսկ սրահի առանձնահատկությունը դիմացի նստելատեղերի մեջքի հատվածում ներկառուցված սեղանիկներն են: Մնացած բոլոր հատկանիշներով մեքենան ստանդարտ մոդելից չի տարբերվում:
Այն համալրված է 6,75 լիտր ծավալային V8 շարժիչով, որը 512 ձիաուժ հզորություն է զարգացնում: Այն աշխատում է ութաստիճան «ավտոմատ» փոխանցման տուփի հետ համադրությամբ:
Մեքենան նախատեսում են վաճառել 179 850 ֆունտ ստերլինգով, այսինքն` սովորական մոդելից 100 000 ֆունտով ավելի թանկ:
0Comments