Դո՛ւրս եկեք «Իմ քայլից». ձեր իշխանության օրոք Հայաստանը պարտվել  է, թույլ են տրվել աններելի սխալներ, որոնք երկիրը բերեցին աղետի

 «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հաշվի առնելով Հայաստանում ծայրահեղ լարված ներհասարակական մթնոլորտը և դրա հանդարտեցմանն ուղղված արագ և համակարգային քայլերի անհրաժեշտությունը՝ այսօր առավոտյան «Այլընտրանքային նախագծեր խմբի» կողմից ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության գործող 85 պատգամավորների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել է հետևյալ կոչ-նամակը.

«Քայլ արա՝ դուրս արի «Իմ քայլից»

Հավաքական և անհատական պատասխանատվության պահը

Երեկ ուշ երեկոյան վարչապետի կողմից Ձեզ վրա անհատապես դրվեց պատասխանատվություն՝ երկրում հնարավոր աներևակայելի հանցագործության համար, որից Դուք դեռ կարող եք խուսափել։

Ձեր իշխանության օրոք Հայաստանը պարտվել է։ Մենք կորցրել ենք Շուշին, Հադրութը։ Մենք տվել ենք ահռելի թվով զոհեր և ունենք հազարավոր վիրավորներ։ Հարյուր-հազարավոր հայեր դարձել են գաղթական։

Ձեր իշխանության օրոք Հայաստանը պառակտվել է։ Թույլ են տրվել աններելի սխալներ, որոնք երկիրը բերեցին աղետի։ Ձեր իշխանության օրոք թշնամի հռչակվեց ցանկացած գրագետ ու պրոֆեսիոնալ, զուսպ և հավասարակշիռ դատողություն։ Չունեցաք անհրաժեշտ կամքն ու քաղաքական պատասխանատվությունը՝ արագ կանգնեցնելու պատերազմը, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր։

Ձեր իշխանության օրոք ստորագրվեց Հայաստանի կապիտուլյացիան։

Սրանով հանդերձ՝ կա ոչ միայն հավաքական, այլև՝ անհատական պատասխանատվության խնդիր։ Ձեզնից շատերը տեղյակ չեն եղել կայացվող որոշումներին և չեն ունեցել հնարավորություն՝ ազդելու դրանց վրա։ Ուրեմն՝ հանուն մեր պետության, հանուն ձեր երեխաների և հանուն պատմության՝ արձանագրե´ք դա։

Քայլ արա՝ դուրս արի «Իմ քայլից»։ Օգնի՛ր Հայաստանին՝ կանգնեցնել կործանարար ընթացքը»։