Փետրվարի 13
Իրական դժվարությունն ու ցավը ոչ թե արշավանքի սկզբում կամ երկար վազքի ընթացքում է լինում, այլ այն ժամանակ, երբ նպատակակետը տեսանելի է դառնում. այդ ժամանակ է, որ սիրտը, ջղերը, կամքը ու մկանները այնքան սաստիկ են պրկվում, որ կարծես անցնում են մարդու՝ տոկալու հնարավորության սահմաններից և հասնում խզման աստիճանի:
Նպատակակետը ձեզ համար արդեն իսկ տեսանելի է դառնում: Մնում է ձեր սրտի վերջին կանչը ուղղել Ինձ: Վերջին օրերին ապրած՝ ձեր սրտի ու հոգու լարումից արդեն կարելի էր եզրակացնել, որ ձեր արշավն իր վախճանին է մոտենում: Ականջ դրեք քաջալերող Իմ Ձայնին: Հիշեք, որ Ես ձեր կողքին եմ՝ խրախուսելու և տանելու ձեզ դեպի հաղթանակ:
Երկնքի տարեգրության մեջ ամենատխուր վկայություններն այն են, որ պատմում են նրանց մասին, ովքեր լավ ընթացան, քաջարի ու կորովի եղան մինչև նպատակակետի երևալը՝ հաղթական ավարտին մոտենալը, սակայն վերջին պահին հանկարծ վրիպեցին:
Երկնային բազմությունը կամենում էր բարձրաձայն գոռալ, հուշել, թե որքան մոտ է վախճանը, ուզում էր խնդրել նրանց, որ մի վերջին ճիգ էլ գործադրեն, սակայն նրանք դուրս ընկան ճանապարհից և միայն հայտնության վերջին օրն իմացան, թե որքան մոտ էին հաղթանակին:
Երանի թե նրանք էլ կարողանային լռության մեջ լսել Ինձ, ինչպես որ դուք եք անում՝ մնալով Իմ Ներկայության մեջ: Այդ ժամանակ նրանք էլ ստույգ կիմանային, թե ինչպես որ կա մեղմ ու թույլ Ձայնը, այդպես էլ պետք է լինի լսող ականջը:
0Comments