«Փաստ» թերթը գրում է. «Ուղղաթիռի պատմությունը անհասկանալի աղմուկ բարձրացրեց, նույնիսկ վարչապետը հարկ համարեց անդրադառնալ մեկ առանձին վերցված ինֆորմացիայի, ինչը շատերի շրջանում տարակուսանքի տեղիք տվեց։ Սակայն երեւի թե նման արձագանքը կարելի է սպասելի համարել, քանզի խոսքը նոր իշխանությունների համար ցավոտ թեմային է վերաբերում։ Հաստատ հիշում եք, որ իշխանափոխության սկզբում «պատահական» տեսանյութեր կամ լուսանկարներ էին հայտնվում մետրոյով, հասարակական այլ տրանսպորտով, ոտքով, հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետի, նախարարների ու այլ պաշտոնյաների մասին։ Եվ հասկանալի է, որ փորձ էր արվում ձեւավորել «ժողովրդի ծոցից դուրս եկած», «ժողովրդի» իշխանության կերպար։ Սակայն իշխանությունը մի հետաքրքիր հատկություն ունի. այն երբեմն պարտադրում է իր կանոնները։
Անշուշտ, թե՛ անվտանգության առումով, թե՛ արարողակարգի առումով, թե՛ օպերատիվության առումով պարտադիր է, որ երկրի վարչապետին ուղեկցի համապատասխան «կորտեժը»։ Սա աներկբա է։ Եվ միանգամայն իրավացի է Փաշինյանը, երբ գրում է. «ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»։ Սակայն մեկ լուրից իրադարձություն սարքեցին հենց իշխանությունները՝ դրանով իսկ խոստովանելով, որ սա իրենց համար չափազանց ցավոտ թեմա է»։
0Comments