Բրիտանական հայտնի The Sun պարբերականը հաղորդել է, որ անհայտ անձը բարձրացել է ցանկապատի վրա և փորձել է Բուքինգհեմյան պալատ ներխուժել, երբ Եղիսաբեթ II թագուհին քնած է եղել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը՝ ժամը 02:00-ին: 22-ամյա երիտասարդը թակել է պալատի դուռը, ինչից 4 րոպե անց նրան ձերբակալել են:
Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը հայտնել է, որ մինչ ձերբակալությունը երիտասարդը մի քանի րոպե ազատ կարողացել է տեղաշարժվել տարածքում:
Թագավորական ընտանիքի պատմության մեջ նման մի դեպք էլ էր գրանցվել գրեթե 37 տարի առաջ: Հոգեկան հիվանդությամբ տառապող գործազուրկ Մայքլ Ֆեգանը 1982 թվականի հուլիսի 9-ի առավոտյան` ժամը 7-ին, կարողացել էր մուտք գործել պալատ և մտնել թագուհու ննջասենյակ:
Բրիտանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 22-ամյա երիտասարդը մտադիր էր գործել միևնույն սցենարով, ինչ 37 տարի առաջ:
0Comments