5–ի վիճակը ծանր է. թարմ տվյալներ ողբերգական վթարից

live24.am-ը ներկայացնում է

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը վերջին տվյալներն է ներկայացրել հուլիսի 6–ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին։

Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Ն.Ա.-ն  և Ն.Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Ս.Հ.-ն,  Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ժամը 22:35-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 20:45-ի սահմաններում Արարատի ԲԿ է տեղափոխվել ևս 2 տուժած՝ Դ.Ս.-ն (ծնված 2004 թ., գյուղ Երասխ) և Կ.Ն.-ն (ծնված 1998 թ., գյուղ Արմաշ): Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար (Դ.Ս.-ի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ, իսկ Կ.Ն.-ի մոտ` սրտի առիթմիա): Դ.Ս.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Վ.Ա.-ն (ծնված 1962 թ.), մահացել է:

Ըստ նախնական տվյալների՝ կա 13 տուժած: Ցավոք, հնարավոր չեղավ խուսափել զոհերից. պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավելի վաղ live24.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ: