Պատրաստ է աջակցել ընկերությանը՝ դուրս գալու արտաքին շուկա

Արմեն Սարգսյանը՝ սյունիքցի արտադրողին

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։

«Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։

Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների թիվը հասնում է 250-ի: Ընկերությունը մթերում է իրականացնում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Արցախի գյուղացիական տնտեսություններից: Արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլեւ արտահանվում է։

Հանրապետության նախագահն ընկերության ղեկավարության հետ զրուցել է ընկերության արտադրության ծավալների ընդլայնման ու զարգացման հնարավորությունների մասին եւ պատրաստակամություն հայտնել աջակցել նոր շուկաներ դուրս գալու հարցում, գրում է news.am:

«Սյունիքի մարզն ունի զարգացման մեծ ներուժ։ Բացի հանքարդյունաբերությունից, այստեղ զարգանալու մեծ հնարավորություններ կան սննդի արտադրության, թեթեւ արդյունաբերության, զբոսաշրջության համար։ Այնպես որ, դուք ճիշտ ուղղություն եք ընտրել»,- ասել է նա՝ առաջարկելով մեծացնել արտադրության ծավալները, նշելով, որ բնական, բարձրորակ, միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքը պահանջարկ ունի։

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը եղել է «Մարիլա» ընկերությունը, որն ունի 55 աշխատակից, զբաղվում է կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրությամբ։ Տնօրեն Հայկ Հակոբյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել արտադրական հզորություններն ու հնարավորությունները, պատմել առաջիկա ծրագրերի մասին։ Նա ընդգծել է, որ այս պահին միայն տեղական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունը մտադիր է ընդլայնվել։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը՝ դուրս գալու արտաքին շուկա։