Տարվա 5 ամիսներին ունեցել ենք 1663 ՃՏՊ. Սերգեյ Ղահրամանյան

Դա գալիս է տարիներ շարունակ այլ մեխանիզմներով վարորդական իրավունք ձեռք բերելուց, անպատժելիության մթնոլորտից, որ կար որոշ ժամանակահատված, դրան գումարած՝ համաներում, մեղմ քաղաքականություն

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր, Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը ներկայացրել է այս տարվա հինգ ամիսների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը: Նշելով, որ պատահարների աճի միտում կա՝ Ղահրամանյանը պարզաբանել է, թե ինչի հետևանք կարող է լինել դա:

«Այս տարվա 5 ամիսների ընթացքում ունեցել ենք 1663 ճանապարհատրանսպորտային պատահար, 122 զոհ, 2413 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ունեցել ենք 1362 ՃՏՊ, 114 զոհ, 1976 վիրավոր: Նախորդ տարվա համեմատ, կարծում եմ, այս տարի էլ ավելի շատ զոհեր կունենանք, ցավալի է, իհարկե:

Բայց նման երթևեկության պայմաններում այլ բան սպասելի չէ: Պատճառները շատ-շատ են, բազմազան: Դա գալիս է տարիներ շարունակ այլ մեխանիզմներով վարորդական իրավունք ձեռք բերելուց, անպատժելիության մթնոլորտից, որ կար որոշ ժամանակահատված, դրան գումարած՝ համաներում, մեղմ քաղաքականություն»,- ասաց նա: