Վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը կարող է և անցնել 60%-ը, այդտեղ ողբերգական որևէ բան չկա. Ջանջուղազյան

Պետք է մտածել, որ մեր փոխառու միջոցները ներգրավվելով  մեր տնտեսության այնպիսի աճ ունենանք, որ իրենց տեսակարար կշռով և իրենց ազդեցության չափով նվազագույնի հասցվի

Ազգային ժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ նոր բյուջեով, որ բերվելու է քննարկման, նախատեսվո՞ւմ է նոր վարկային միջոցների ներգրավում, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ ծավալներով:

Ի պատասխան Ջանջուղազյանն ասաց, որ նոր վարկային ծրագրեր նախատեսում են իրականացնել: «Մենք ընդհանրապես այն տրամաբանությամբ ենք առաջնորդվում, որ ոչ թե պետք է մտածենք հարկային միջոցներն օգտագործելով վարկային միջոցները մարելու մասին՝ այլ ընդհակառակը՝ պետք է մտածել, որ մեր փոխառու միջոցները ներգրավվելով  մեր տնտեսության այնպիսի աճ ունենանք, որ իրենց տեսակարար կշռով և իրենց ազդեցության չափով նվազագույնի հասցվի»,- ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, որ ոչ թե սահմանափակելու են նոր վարկ, նոր փոխառու միջոցներ ներգրավելու հնարավորությունը, այլ ուղղակի ձգտելու են, որպեսզի դրա կառավարելիության աստիճանը բարձրանա և դա իրենցից մեծ ջանք չպահանջի:

Կարեն Սիմոնյանն արձագանքեց. «Հստակեցրեք՝ հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը հասնի մինչև 60 տոկոսի»:

«Հարկաբյուջետային քաղաքականության և կանոնների տրամադրությունը, եթե մենք ձեզ հետ միասին պահպանենք, ապա նույնիսկ, եթե հասնի, մենք դրա բացատրությունն ունենալու ենք, նույն կանոնները բավարար չափով ճկուն են, որպեսզի հնարավորություն տան ճիշտ որոշումներ կայացնել, եթե դրանք ենթակառուցվածքներում ներդրումներ են, և մենք բոլորս իրար հետ հավատում ենք և համոզված ենք, որ իրենց արդյունքներով հիմնավոր են, ապա կարող  է և անցնել ինչ-որ ժամանակահատվածում, դրան որպես ողբերգական լուրի չպետք է վերաբերվել»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը նշեց, որ այո նոր վարկեր ունենալու են, որովհետև այսօր էլ գործող համաձայնագրերով 1.5 մլրդ դոլարի չափ կան համաձայնություններ, որոնք չեն օգտագործել առայժմ, մոտ այդքան էլ նախնական քննարկման փուլում կան: