Տխուր է, որ ՀՀ-ն ներդրումների առումով այն երկրների շարքերում է, ինչպես Սիրիան, Աֆղանստանը, Պակիստանը

2025 թվականի ենթադրվում է, որ պետք է լինեն բորսաներ

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018թ.-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ Հայաստանն ու ԵԱՏՄ անդամ երկրները անդամակցությունից ի վեր զգալիորեն ավելացրել են ապրանքաշրջանառությունը:

«ԵԱՏՄ-ի շրջանակում ամենաիտեգրալ արդյունքը, որը պետք է քննարկենք, ապրանքաշրջանառությունն է: 2015-ի հունվարի (Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու տարին)  համեմատությամբ 2018-ի դեկտեմբերի 31-ին արձանագրված է եղել 34,5 տոկոսով ավելի բարձր տարեկան ապրանքաշրջանառություն: Միայն 2018-ին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանված ապրանքներն աճել են 20,7 տոկոսով: 2018-ին դեպի ԵԱՏՄ արտահանված ապրանքների 98,9 տոկոսը եղել են ոչ լեռնահանքային ոլորտի արտադրության, այսինքն` մշակող արդյունաբերության ապրանքներ»,- մանրամասնեց Խաչատրյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախարարից  հեևաքրքրվեց, թե  ե՞րբ կարող է ձևավորվել ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկա և ինչպե՞ս դա կազդի գազի և էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

Նախարարաը պատասխանեց. «2025 թվականի ենթադրվում է, որ պետք է լինեն բորսաներ, ընդ որում, դրանք պիտի լինեն մեկից ավելի ու տեղակայված այն արտադրողների մոտ, որոնք տարածաշրջանում ունեն առաջարկ։ Բորսայում, բնականաբար, հրապարակային գնանշումներ կլինեն, կանոներ, որոնք բոլորի համար նույնն են։ Դա է այն ակնկալիքը, որ մենք պետք է ունենանք՝ 2025 թվականը որպես հորիզոն դիտարկելով»։

Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, բրիտանական «Օքսֆորդ անալիտիքս» վերլուծական կենտրոնի գնահատմամբ՝  ՀՀ-ն ներդրումային առումով խիստ ռիսկային երկիր է։

«Ըստ կենտրոնի վերլուծության՝ մեծ է հավանականությունը, որ ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տաբեր քաղաքական գործոններից։ Դուք նաև բազմիցս ասել եք, որ 2,7 մլրդ դոլար ներդրումների փաթեթ կա, բայց որևէ անգամ չի բացել՝ որ ոլորտում և խնդրեց հստակեցնել»,- նշեց պատգամավորը։

Նախարարն ի պատասխան ասաց, որ ոչ միայն ՀՀ-ն սուվերեն ռիսկ ունի ներդրումների համար, այլ ցանկացած երկիր. մեծ խորհրդատվական ընկերությունները տարբեր երկրներում ներդրումների համար ռիսկի ճշտում են անում և հաշվարկում կոնկրետ մշակված բանաձևով. «Թե գործադիրի, և թե օրենսդիրի, և թե ամբողջ կառավարման համակարգի նպատակն է աշխատել բոլոր ուղղություններով։ Սա միայն տնտեսական գործոն չէ, որ ռիսկերը կրճատվեն»։

Ինչ վերաբերում է ներդրումների ծրագրի փաթեթին՝ նա ասաց, որ օրինակ կառավարության նախորդ նիստերից մեկում հավանության է արժանացել 130 մլն դոլար արժեքով կառուցապատման մի ծրագիր, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ և խոստանում է գերժամանակակից միջավայր այն կազմակերպությունների համար, որոնք ՏՏ ոլորտում ծառայություն են իրականացնում։

«Դա ոչ միայն քաղաքաշինական ոլորտում ծրագիր էր, իր 2600 աշխատատեղերով, այլևս այնպիսի, որ նոր աշխատատեղի հնարավորություն է ստեղծվում  ՏՏ ոլորտում»,-ասաց նա։

Զոհրաբյանն էլ արձագանքեց․ «Տխուր է, որ ՀՀ-ն ներդրումների առումով այն երկրների շարքերում է, ինչպես Սիրիան, Աֆղանստանը, Պակիստանը, Իրանը և աֆրիկյան մի շարք երկրներ»։