Սա սադրանք է, որը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ. «Ադեկվադ» ՀԿ

Օրինականությունը չի վերականգնվում անօրինական ճանապարհով

Հայտարարություն

Սա պատերազմ է մեր պետականության դեմ։ Սահմանադրական կարգի տապալմամբ ուղեկցված իշխանության զավթումը մեզ հասցրել է պետական ճգնաժամի հերթական փուլ։ Օտարերկրյա գործակալական ցանցի ուղղորդմամբ օրենսդիր և գործադիր իշխանությունները դուրս են բերվել դատական իշխանության դեմ։ Տեղի է ունենում սահմանադրական ինստիտուտների բացահայտ կազմաքանդում։

Օրինականությունը չի վերականգնվում անօրինական ճանապարհով։ Դուք դեռ չեք գիտակցում, բայց դատական իշխանության վերացումն անխուսափելիորեն հանգեցնելու է աղետալի հետևանքների, որոնք թակելու են հենց ձեր դուռը։ Մեր վաղվա պետականության կորստի մեղավորը հենց դուք եք՝ այս ապօրինի ակցիաների մասնակիցներդ։

Դուք չեք լինելու դատողը, դուք լինելու եք դատվողը, քանի որ վարչապետը դրդում է ձեզ դառնալ հանցագործ և հանցակից։ Վաղը դատարանի աշխատանքը խոչընդոտող ցանկացած քաղաքացու արարք պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով, ինչի արդյունքում սահմանադրական կարգի վերականգնումից հետո դատապարտվելու եք մինչև 5 տարի ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի արարքը սահմանադրական կարգի տապալում է, որի համար նրան սպասում է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։

Սա սադրանք է, որը նպատակ ունի հրահրել քաղաքացիական բախումներ, խորացնել հասարակական ատելությունը և պառակտել պատերազմական վտանգի առջև կանգնած հանրությանը։ Սյս իրավական ամենաթողության օրակարգի իրական պատվիրատուների ձեռքում Փաշինյանը խամաճիկ է, իսկ դուք՝ նրա գործիքը և վաղվա զոհերը։

Ադեկվադներ, մենք կանք։ Ու մենք չենք հանձնվելու։

Հետևեք մեր էջին և պատրաստ եղեք միանալ։

«Ադեկվադ» ՀԿ