Ես, որ ամեն բանի սպասում էի, չէի պատկերացնի, որ դրսևորումները կհասնեն այդ մակարդակի, որ պատգամավորը գրառում կանի՝ կոչ անելով ցասումն ուղղել դատարանի դեմ, որ դատարանը բաց չթողնի Ռոբերտ Քոչարյանին։ Այսօր ԱԱԾ մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Քոչարյանի գործում քաղաքական ճնշում կա։ Նրա խոսքով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այդ հայտարարությունն արդեն իսկ ճնշում է։
Ինչ վերաբերում է դատարանի՝Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշմանը, Ալումյանն ասաց, որ դատարանի որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ։
«Օրենքով մյուս կողմը իրավունք չունի բողոքարկել։ Բայց եթե էլի գնանք ապօրինության ճանապարհով, էլի լինեն ճնշումները, թե ո՞վ է էն դատավորը, որ իմ ասածը կարող է չկատարել, ես այդ մկներին ու իրանց ճտերին էս կանեմ, էն կանեմ, ապա չեմ բացառում, որ դատախազությունը բողոք բերի, վերաքննիչն էլ բողոքը վարույթ ընդունի, որոշումը բեկանի»,– ասաց Հայկ Ալումյանը։
Փաստաբանը նկատեց՝ ցանկացած անձ, որն ունի մեղադրյալի կարգավիճակ, այդ թվում Ռոբերտ Քոչարյանը, դատավարության ընթացքում կզրկվի ազատությունից, եթե խախտի ազատ արձակելու պայմանները՝ խոչընդոտի քննությանը, թաքնվի քննությունից և այլն։
Հարցին՝ ի՞նչ է անելու Ռոբերտ Քոչարյանը՝ մնալո՞ւ է ՀՀ-ում, թե մեկնելու է Արցախ, Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Համոզված եմ, որ պարոն Քոչարյանը մասնակցելու է դատավարությանը, և ինչպես ինքն է պատկերավոր արտահայտվել, այս դատավարությունում մեղադրող է լինելու ինքը։ Մեղադրելու է այն իրավապահներին, մասնավորապես դատախազությանը, որոնք այս մեղադրանքները սարքել են ու գործն ուղարկել դատարան, և թողած այն 10 զոհերի քննության անհրաժեշտությունը՝ ընկել են կոնկրետ մի նպատակ իրականացնելու, կոնկրետ առաջադրանք կատարելու հետևից»։
Դիտարկմանը, որ մեղադրող կողմը հայտարարել է, որ բողոքարկելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, Հայկ Ալումյանն արձագանքեց․ «Կարծում եմ՝ դատախազության հերթական ոչ օրինական քայլը կլինի այս գործով։ Արդեն չեմ զարմանա ցանկացած բնույթի ոչ օրինական քայլերից»։
0Comments