Մեր իշխանությունը երկրի անվտանգության հարցում քաղաքական իմպոտենցիայով է տառապում

Ես պահանջել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից հրապարակել օտարերկրյա գործակալների անունները

Վարչապետը Իրանում հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, բայց ուժային կառույցները որեւէ գործողություն չեն իրականացնում, իսկ դա վկայում է, որ կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը եւ իր պաշտոնին, կամ էլ այսօրվա մեր քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ Հայաստանի համար չափազանց կարեւոր է անվտանգության հարցը:

«Ես պահանջել եմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից հրապարակել օտարերկրյա գործակալների անունները: Փաշինյանը լռում է: Ինքը պարտավոր էր անուններ հրապարակել: Եթե պետության ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ, ու երբ ՀՔԾ-ն ում ասես հրավիրում է հարցաքննության եւ չի կանչում վարչապետին հարցնի, թե ովքեր են այդ օտարերկրյա գործակալները նշանակում է, որ կամ վարչապետն է անլուրջ վերաբերվում պետության անվտանգությանը եւ իր պաշտոնին, կամ էլ այսօրվա մեր քաղաքական իշխանությունը քաղաքական իմպոտենցիայով է տառապում: Անհնար է՝ մի երկրում պետության ղեկավարը խոսի օտարերկրյա քաղաքական գործակալների մասին եւ դրան զրո արձագանք լինի»,- նշեց Շարմազանովը:

Նա նաեւ հիշեցրեց, որ Փաշինյանի թիմի շատ հայտնի գործիչներից մեկը նշել է, որ առաջնագծում առկա է մեծ խնդիր. «Սա ես չեմ ասում, սա իրենք են ասել: Այսինքն սա խայտառակ իրավիճակ է: Ու այսքանից հետո, այս իշխանությունն իրավունք ունի՞ խոսել անվտանգությունից, անվտանգության ամրապնդումից»