Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարեգործական գալա-ընթրիքին

Ողջունելով քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության համար կազմակերպված բարեգործական միջոցառումը, վարչապետի տիկինը շեշտել է, որ հանդիպման նպատակը մեկն է՝ օգնելու երեխաներին, ովքեր այս պահին պայքարում են քաղցկեղին դեմ

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ  դեսպան Վարուժան Ներսեսյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ ապրիլի 3-ի երեկոյան Վաշինգտոնում ներկա է գտնվել «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական գալա-ընթրիքին: Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 250-ը. նրանց թվում են՝ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոթ Ռոթենշթեյնը տիկնոջ՝ Լիզա Բարսումյան-Ռոթենշթեյնի հետ, բարեգործական ընթրիքներին իր ակտիվ մասնակցությամբ հայտնի Աննա Թոթայը, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, աշխարհահռչակ ուռուցքաբան Սամիր Խլեյֆը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը, Վաշինգտոնում հայտնի այլ բժշկներ, մտավորականներ և հասարակական գործիչներ: Գալա-ընթրիքը մեկնարկել է ՀՀ և ԱՄՆ օրհներգերով: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և միջոցառման կազմակերպիչ Վահագն Մարտիրոսյանը: Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն (ԱՄՆ Արևելյան թեմ) էլ սրբազան աղոթքով օրհնել է միջոցառումը ու շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին, որ հնարավորություն են ընձեռում, որ բազմաթիվ մարդիկ բարեգործության մասնակից դառնան:

Ընթրիքին ելույթով հանդես է եկել նաև միջոցառման պատվավոր հյուր Աննա Հակոբյանը:

Ողջունելով քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության համար կազմակերպված բարեգործական միջոցառումը, վարչապետի տիկինը շեշտել է, որ հանդիպման նպատակը մեկն է՝ օգնելու երեխաներին, ովքեր այս պահին պայքարում են քաղցկեղին դեմ:

«Մենք այստեղ ենք, որպեսզի կանգնենք նրանց թիկունքին և աջակցենք նրանց այդ դժվար ճանապարհին: Դուք երբևէ տեսե˚լ եք երեխայի, որ հաղթահարել է քաղցկեղը: Նրանք աշխարհի ամենաուժեղ մարդիկ են: Նրանց փոքրիկ մարմիններն այնքան մեծ ուժ և այնքան շատ էներգիա ունեն: Նրանք այնքան գեղեցիկ և այնքան խորն են ժպտում: Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ի˚նչ է անում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը, ես պատասխանում եմ, որ «Ժպիտների քաղաք»-ը քաղցկեղով հիվանդ երեխաներին ու երիտասարդներին ժպիտն է վերադարձում, վերադարձնում է ժպիտը նրանց ընտանիքներին և նրանց օջախներին: Քաղցկեղը դա լոկ հիվանդություն է, մենք այն չպետք է ընկալենք իբրև դատավճիռ, մենք պետք է հաղթահարենք քաղցկեղը: Գուցե մի փոքր տարօրինակ հնչի այն ինչ ես պետք է ասեմ, բայց քաղցկեղը մի դրական բան էլ ունի. քաղցկեղը մեզ միավորել է: Երբ մենք տեսնում ենք քաղցկեղով հիվանդ երեխայի, անկախ նրանից՝ կրոնական և ազգային ինչ պատկանելություն ունի, մենք ցանկանում ենք օգնության ձեռք մեկնել, մեր աջակցությունը ցուցաբերել: Այդ բազմաթիվ պահերին մենք միավորվում ենք: Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղով հիվանդության 9000 դեպք և նրանցից հարյուրը՝ երեխաներ: Մինչ մենք այստեղ խոսում ենք, Հայաստանում ևս մեկ երեխայի մոտ քաղցկեղ են կանխորոշում: Նա գուցե ինչ-որ մեկի մայրն է, քույրը կամ զավակը, ինչ-որ մեկի հայրը, եղբայրը, պապիկը կամ տատիկը, ընկերը կամ նոր ամուսնացած դուստրը: Նրանք բոլորը մենք ենք: Եվ դա մեր պատասխանատվությունն է, մեր պարտքն է կանգնել է նրանց կողքին, կանգնել մեր ընկերների կողքին և թույլ չտալ նրանց մահանալ: Եվ հենց դա է պատճառը, թե ինչու ենք մենք բոլորս այստեղ, և դա է պատճառը, թե ինչու է «Ժպիտների քաղաքը» այստեղ: Մենք այստեղ ենք ինչ-որ մեկի կյանքը փոխելու համար»,- ասել է Աննա Հակոբյանը: