Մոսկվան պատրաստ է աջակցել հայ և ադրբեջանցի գործընկերներին երկու երկրների համար առանցքային բոլոր ուղղություններով: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում տրանսպորտային, տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը հիանալի մշակումներ ունի։
«Պատրաստ ենք փոխանցել սահմանազատման և սահմանագծման հարցում ունեցած մեր փորձը։ Կարծում եմ` Իմ կարծիքով, մեր մասնագետներն այս ոլորտում հետխորհրդային տարածքի լավագույններից են», - ասաց Զախարովան։
Նա ընդգծեց, որ Մոսկվան նաև եզակի քարտեզագրական նյութեր ունի, որոնք կարող են օգնել լուծելու հայ-ադրբեջանական հակամարտության տարիներով կուտակված մարդասիրական բնույթի խնդիրները:
«Մենք միշտ ուրախ ենք օգնել հայ և ադրբեջանցի բարեկամներին` առաջ տանելու հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասաց Զախարովան:
Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով փոխգործակցության վերսկսումը, դիվանագետի խոսքով, կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում դրական դեր կարող է խաղալ Թուրքիան:
Հիշեցնենք` հունվարի 16–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության էին եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, այն է` պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
0Comments