Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա

Մանրամասներ
արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա։ Իրանական լրատվամիջոցները հրապարակել են նախարարի՝ Ռուսաստան ժամանելու կադրերը։

Հայտնի է, որ Արաղչին խորհրդակցություններ է անցկացնելու ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ավելի վաղ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ բանակցությունների օրակարգում ներառված են երկկողմ հարաբերությունների խթանման, տարածաշրջանային համագործակցության և միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցեր։

Դիվանագետի խոսքով՝ միջազգային կարևոր իրադարձությունների ֆոնին Իրանի և Ռուսաստանի պաշտոնական այրերի սերտ, մշտական ​​և վստահելի շփումները կծառայեն ժողովուրդների շահերին, ինչպես նաև կայունությանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արաղչին կմեկնի Մոսկվա՝ ռուսական կողմի հետ քննարկելու Օմանում ամերիկացիների հետ կայացած բանակցությունների արդյունքները։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում կայացել են Սթիվ Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջնորդավորված բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Արաղչին իր հերթին շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին` իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար և հայտարարել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին: