Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի ԵԱՏՄ գծով գործընկերների հետ Երեւանի կայացած այն տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք այսօր գոյություն ունեն։ Հավանաբար, դա բավական ցավագին գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Այս մասին «Իզվեստիա»-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Խոսքն այն մասին չէ, որ Ոուսաստանը կամ էլի ինչ-որ մեկը կցանկանա Հայաստանին բացառել կամ վնաս պատճառել մեր շատ զարգացած տնտեսական համագործակցության համատեքստում։ Մեր ապրանքաշրջանառությունն անցած տարի կազմել է մոտ 12 մլրդ դոլար՝ ցուցադրելով էական աճ։ Հայաստանի շահերը ինչ-որ կերպ ոտնահարելու պլաններ մենք չունենք եւ չենք կարող ունենալ։ Նա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ կապում են, ինչպես եւ Վրաստանի հետ, բազմադարյա ընդհանուր պատմությունը, ընդհանուր հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, որի 80-ամյակը, հուսով եմ, համատեղ կնշենք մայիսի 9-ին։
Բանն այն է, որ օբյեկտիվորեն, միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային-սակագնային կարգավորումներ. դրանք ըստ էության տարբեր տնտեսական բլոկներ են։ Ըստ այդմ, մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ միջոցով եվրասիական ինտեգրման շարունակական մասնակցություն։ Այդ մասնակցությունն ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին Հայաստանի ՀՆԱ աճի համար շատ նշանակալի թվերով։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն կազմել է շուրջ 6 տոկոս:
Մյուս կողմից՝ ի՞նչ է Եվրամիությունն այս փուլում Հայաստանի եւ այլ երկրների համար։ Սա պահանջների եւ չափանիշների շարք է՝ մուտքի անհասկանալի հեռանկարով: Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երեւանը ներկայում ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։
Սա, հավանաբար, բավական ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով, եւ իրականում ինչ կարող է շահել Եվրամիությանն անդամակցությունից։
Այս ամենը հիմնականում անցողիկ գաղափարախոսություններ են, այլ ոչ թե իրական տնտեսական համագործակցություն։ Այսօր էլ ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ։ Էլ չենք խոսում այն մասին, որ ԵՄ-ը բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ»,- նշել է Գալուզինը։
0Comments