ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում չի բացառել Ուկրաինայի «գոյության դադարեցումը» 2025 թվականին։
Նրա խոսքով՝ ուկրաինական տարածքների զիջումները չեն էլ քննարկվում։
«Դա նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Տարածքները, որոնք ժամանակին կառավարվում էին Կիևից, այլևս Ռուսաստանի կազմում են՝ միջազգային իրավունքի, Ռուսաստանի Դաշնության օրենքների և այդ շրջանների օրենսդրության համաձայն քաղաքացիների կամքի դրսևորման արդյունքում։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի հարցում ռուսական գծին, ապա այն մնում է անփոփոխ։ Մեզ համար կարևոր է, որ ՀՌԳ-ի խնդիրները լուծվեն։ Դրանք հայտնի են և չեն փոխվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս թվել է դրանք:
Կարևոր է նաև, որ աշխարհը ճանաչի Ռուսաստանի Դաշնության կազմում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժժիայի և Խերսոնի շրջանները, Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլը, որոնք մեր երկրի անբաժանելի մասն են կազմում Սահմանադրության համաձայն:
Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ուկրաինացի ժողովուրդը մնում է մեզ համար մտերիմ, եղբայրական, Ռուսաստանի հետ դարավոր կապերով կապված, որքան էլ «ուկրաինականությամբ» տարված Կիևի քարոզիչները հակառակն են պնդում։ Մենք անտարբեր չենք Ուկրաինայում կատարվողի նկատմամբ։
Հատկապես անհանգստացնողն այն է, որ նեոնացիստական գաղափարախոսության նկատմամբ բռնի պարտադրանքը և մոլեգնող ռուսաֆոբիան ոչնչացնում են Ուկրաինայի երբեմնի բարգավաճ քաղաքները, այդ թվում՝ Խարկովը, Օդեսան, Նիկոլաևը և Դնեպրոպետրովսկը:
Բացառված չէ, որ առաջիկա տարում Ուկրաինան ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ»,- հայտարարել է Պատրուշևը։
Նրա խոսքով՝ եթե խոսենք հետագա զարգացումների կոնկրետ հեռանկարների մասին՝ հաշվի առնելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի գործոնը, ռուսական կողմը հարգանքով է վերաբերվում նրա հայտարարություններին։
«Կարծում եմ, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առանց այլ արևմտյան երկրների մասնակցության։
Լոնդոնի կամ Բրյուսելի հետ խոսելու բան չկա։ ԵՄ ղեկավարությունը, օրինակ, վաղուց դադարել է իրավունք ունենալ խոսելու իր շատ անդամների անունից, ինչպիսիք են Հունգարիան, Սլովակիան, Ավստրիան, Ռումինիան և որոշ այլ եվրոպական երկրներ, որոնք հետաքրքրված են Եվրոպայում կայունությամբ և հավասարակշռված դիրք գրավելով Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է Պատրուշևը։
0Comments