Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Եզրահանգումները, թե հնարավոր է` դադարի գոյություն ունենալ Սիրիան` որպես պետություն, մեղմ ասած, տարակուսելի են:
Տարակուսելի են այն պատճառով, որ Սիրիան` որպես պետություն գոյություն չունի շատ վաղուց:
Սիրիան շատ վաղուց է բաժանված տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների միջև, և, օրինակ, եթե տարիներ շարունակ Բաշար Ասադը Սիրիայի նախագահի պաշտոնին է մնում, որովհետև դա պետք է Ռուսաստանին ու Իրանին, դա բացարձակապես չի նշանակում, թե կա Սիրիա պետություն:
Հետևաբար, ինչպես դասականը կասեր՝ «Սիրիայի մահվան մասին» տեղեկությունները խիստ չափազանցված են, որովհետև Սիրիան «մահացել» է շատ տարիներ առաջ:
Եվ սա, իհարկե, շատ ցավալի է, բայց՝ ակնառու:
Ընդ որում, այստեղ դասը հետևյալն է, որ այդուհանդերձ որեւէ պետության համար կարևորագույնը ոչ թե արտաքին որեւէ ուժեղ խնամակալ ունենալն է, այլ ներքին դիմադրունակ օրգանիզմ` հիմնված հասարակական համակեցության կենսունակ արժեքների վրա, որոնք ձեւավորում են ոչ թե միատարր հասարակություն, կամ ինչպես հաճախ կենաց է խմվում՝ «միասնական ժողովուրդ», այլ հասարակական օրգանիզմ, որը գիտե ապրել տարբերություններով:
Որովհետեւ, արտաքին ազդեցությունները դառնում են կենսունակ և քայքայիչ այն հանրությունների հանդեպ, որոնք չգիտեն, թե ինչպես ապրել համատեղ՝ չունենալով մոնոլիտ պատկերացումներ:
Սա լրջագույն խնդիր է, որը չունի լուծում, այլ՝ մշտական կառավարման հարց: Եվ այդ մշտական կառավարումը պետք է իրականացնեն քաղաքական ու տնտեսական էլիտաները: Մի բան, որ Հայաստանում չի եղել ու չկա` որպես այդպիսին:
Գործնականում գերիշխողը կռիվն է, թե արտաքին խնամակալության ուղղությամբ ո՞ր քայլերն են ճիշտ, որոնք՝ սխալ: Որեւէ սկզբունքային տարբերություն չկա՝ նախընտրելի խնամակալ դիտվում է Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոմիությունը, Իրանը, թե՞ Հնդկաստանն ու Չինաստանը:
Բացարձակ ոչ մի տարբերություն: Եվ այդ իմաստով հավասարապես խաբեություն կամ ինքնախաբեություն են աներկբա հավաստիացումները, թե օրինակ՝ Ադրբեջանին զսպում է սա, նա, կամ էն մյուսը, կամ սրա, նրա, կամ էն մյուսի պարագայում է բացառվում պատերազմը, եւ այլն, եւ այլն:
Ինչպես ենք մենք ներսում ապրում միմյանց հետո: Սա է պետության, պետականության կենսունակության հիմքը: Կարողանո՞ւմ ենք ձեւավորել անգամ էական տարբերությունների պարագայում համակեցության ընդհանուր ուղենիշներ, թե՞ ոչ: Եվ որքա՞ն են այդ ուղենիշները իրենց բովանդակությամբ ու տրամաբանությամբ ներքին, այսինքն, առավելապես մեր որոշումների ազդեցության դաշտում»։
0Comments