Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը

Մանրամասներ
Շալվա Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ Ավելի վաղ այն չէր ստորագրել Վրաստանի նախագահը, ինչի համար Շալվա Պապուաշվիլին քննադատել էր Սալոմե Զուրաբիշվիլուն։ Խորհրդարանի նախագահի գրավոր հայտարարությունում, որը հրապարակվել է Ֆեյսբուք սոցցանցում, ասվում է. «Այսօր, Վրաստանի Սահմանադրության համաձայն, ես ստորագրում եմ «Ընտանեկան արժեքների եւ անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որը չի ստորագրել Սալոմե Զուրաբիշվիլին։

Խորհրդանշական է, որ ոչ պետական եւ արժեզրկված ընդդիմության անվանական առաջնորդը, որը նախագահ է դարձել, հրաժարվում է ստորագրել օրենք, որը պաշտպանում է մարդու համար ամենաարժեքավորը՝ ընտանիքը եւ երեխաներին։ Այդ հրաժարումից պարզ է դառնում, թե որտեղ է կանգնած Սալոմե Զուրաբիշվիլին, եւ որտեղ են կանգնած քաղաքացիություն չունեցող ընդդիմադիրները, որոնք համարձակություն են ունեցել բացահայտ արտահայտել իրենց կարծիքն այդ օրենքի վերաբերյալ եւ խայտառակ ձեւով փախչել դահլիճից օրենքի քվեարկության ժամանակ։

Օրենքը, որը ես ստորագրում եմ, չի արտացոլում ընթացիկ, ժամանակավոր, փոփոխվող գաղափարներն ու գաղափարախոսությունները, այլ հիմնված է առողջ բանականության, պատմական փորձի եւ բազմադարյա քրիստոնեական, վրացական եւ եվրոպական արժեքների վրա։

Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը եւ երկրին հավարատմությունը... Այդպես ենք մենք պահպանել մեր ինքնությունը։ Միեւնույն ժամանակ, նույն օտար երկրում մենք տեսնում ենք միլիոնավոր մարդկանց ոգին, որոնք համաձայն են այս օրենքին։

Այս օրենքը պաշտպանում է բոլոր քաղաքացիների իրավունքները, ներառյալ կարծիքների արտահայտման ազատությունը, որպեսզի չխախտվեն մյուսների իրավունքները, ինչն իսկական դեմոկրատիայի էությունն ու գաղափարն է։

Հանդուրժողությունը եղել է, կա եւ լինելու է վրաց ժողովրդի տարբերակիչ գիծը։ Սակայն մենք պետք է նաեւ հասկանանք, որ հանդուրժողությունը նշանակում է ապրել միասին փոխադարձ հարգանքի հիման վրա։

Այս օրենքը նրանցից մեկն է, որոնք ամենամեծ հանրային աջակցությունն են վայելում։ 2024թ. մայիսի 17-ին Վրաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացիներ փողոցներ դուրս եկան՝ դրանով իսկ փաստացի հանրաքվե իրականացնելով այս օրենքի վերաբերյալ։ Դրա ընդունման գործընթացում մենք նաեւ բանավեճ ենք անցկացրել կրոնական դավանանքների ներկայացոււցիչների հետ, որտեղ ինչպես Վրաց Ուղղափառ եկեղեցին, այնպես էլ կրոնական այլ դավանանքներ լիակատար աջակցություն են հայտնել այս օրենքի ոգուն»,- գրել է Պապուաշվիլին։