Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը ռեժիսոր Սարին Հայրապետյանի՝ Արցախի և արցախցիների մասին պատմող «Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմն ընտրել է՝ այն ներկայացնելու «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում: Այս մասին, ըստ 24news-ի, հայտնում հոլիվուդյան Deadline պարբերականը։
Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում՝ բայց արդեն ավերված հայրենիք։ Վրեժին բաժին են հասնում նոր փորձություններ, նա ստիպված է լինում պատրաստվել նոր ռազմական գործողությունների, պայքարել ծանր տրավմաների դեմ:
Ամերիկյան պարբերականը նշում է, որ սա հորդանանահայ ռեժիսորի միակ հաջողված ժապավենը չէ։ Նրա նախորդ՝ «Մենք դեռ ավարտված չենք» ֆիլմը մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել։ Իսկ «Իմ քաղցր երկիրը» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա սկզբին Sheffield DocFest-ում, ցուցադրվել է նաև Ամմանի միջազգային կինոփառատոնում, արժանացել ժյուրիի մրցանակին որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ, ինչպես նաև FIPRESCI՝ կինոքննադատներին և կինոգետներին միավորող միջազգային ֆեդերացիայի մրցանակին՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ:
0Comments