ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ծրագրում է մոտ օրերս մի քանի տասնյակ ամերիկյան զինվորների ուղարկել Մերձավոր Արևելք, որպեսզի նրանք պատրաստ լինեն օգնելու ամերիկացիներին փախչել տարածաշրջանից, որտեղ սրվել է Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության երեք պաշտոնյաների։
Տարածաշրջանում արդեն գտնվում է շուրջ 40 000 ամերիկացի զինվորական. նրանց թիվն աճել է Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի ընթացքում, որին զուգահեռ լարվածությունը սրվել էր նաև Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև։ Պաշտոնյաները նշել են, որ նոր զորքերն այլ առաքելություն կունենան, մասնավորապես՝ նրանք կլինեն պատրաստության վիճակում, եթե Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտերը սպառնան ամերիկացիներին, և նրանց տարհանելու անհրաժեշտություն լինի:
Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը սեպտեմբերի 23-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փոքր թվով լրացուցիչ ուժեր է ուղարկում «մեր ուժերն ավելացնելու համար, որոնք արդեն տարածաշրջանում են»: Նա հրաժարվել էր հայտնել լրացուցիչ զորքերի թիվը, նրանց տեղակայման վայրը կամ նպատակը։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը լայնածավալ օդային հարձակում է սկսել Լիբանանի վրա՝ որի հետևանքով գրեթե 500 մարդ է զոհվել, ավելի քան 1600 մարդ՝ վիրավորվել։
0Comments