Ուկրաինան չպետք է Ռուսաստանին թույլ տա օգտագործել Կուրսկի շրջանը որպես ցատկահարթակ` նոր հարձակման համար, CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Նրա խոսքով՝ ուկրաինական զինված ուժերի ներխուժման նպատակն է ռուսական զորքերին շեղել այլ տարածքներից, ստեղծել բուֆերային գոտի՝ հրետակոծությունը կանխելու, ռազմագերիներին գերեվարելու և ուկրաինական բանակի և, ընդհանուր առմամբ, երկրի ոգին բարձրացնելու համար։ Նա պարզաբանել է, որ ռուսական զորքերը Կուրսկի շրջանից Ուկրաինայի վրա նոր հարձակման էին պատրաստվում։
«Սա նվազեցրեց թշնամու հարձակման վտանգը։ Մենք չթողեցինք, որ գործեն։ Մենք մարտերը տեղափոխեցինք թշնամու տարածք, որպեսզի հակառակորդը զգա այն, ինչ մենք ամեն օր զգում ենք»,- ասաց գեներալը։
Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են հսկայական ճնշման տակ Պոկրովսկի շրջանում՝ ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքում։ Նրա խոսքով՝ այդ տարածքում ռուսական բանակի հարձակումը դադարեցվել է։
«Մենք նրանց զրկել ենք մանևրելու և այլ կողմերից ուժեր տեղափոխելու հնարավորությունից... և այդ թուլացումը միանշանակ զգացվում էր այլ ոլորտներում: Մենք նշում ենք, որ հրետանային հարձակումների թիվը, ինչպես նաև հարձակման ինտենսիվությունը նվազել են»,- ընդգծել է Սիրսկին։
Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ առաջնագիծ ժամանող նորակոչիկների մի մասը պատրաստ չէ կռվելու և պարբերաբար լքում է դիրքերը։ Սիրսկին պարզաբանել է, որ ուկրաինական զորքերը մարտադաշտ են ուղարկվում առանց համապատասխան պատրաստվածություն ստանալու։
«Իհարկե, բոլորն էլ ցանկանում են, որ պատրաստվածության մակարդակը լինի լավագույնը, ուստի մենք պատրաստում ենք բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներ: Միևնույն ժամանակ, առաջնագծում տիրող դինամիկան մեզանից պահանջում է զորակոչիկներին հնարավորինս արագ ծառայության ուղարկել»,- հավելեց նա:
Սիրսկին բացատրեց, որ ԱՄՆ-ի ռազմական օգնության հետաձգումն իսկապես մարտի դաշտում լուրջ անհաջողությունների և բարոյականության անկման է հանգեցրել: Ըստ նրա՝ այս խնդիրը դեռ արդիական է։
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ին ներխուժել են Կուրսկի շրջան և կարողացել են գրավել մոտ 1300 քառ. կմ տարածք, ինչպես նաև մոտ 100 բնակավայր, հայտնել է ուկրաինական բանակի գլխավոր հրամանատարը։ Իր հերթին, ռուսական բանակը, ըստ ուկրաինական DeepState նախագծի, արագացրել է իր առաջխաղացումը Դոնբասում, եթե հունիսին և հուլիսին գրավում էր օրական 5-10 քառ. կմ., ապա օգոստոսի կեսերին՝ արդեն 15-20 քառ. կմ.։
0Comments